«Ադրբեջանական զորքերն անցել են Հայաստանի տարածք. սա կարող է կյանքերի հետագա կորուստների հանգեցնել»․ Ադամ Շիֆը Բայդենին կոչ է արել վերանայել Բաքվի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը

ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը դատապարտել է մայիսի 12-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Սյունիքի մարզ ներխուժմանը:

Այս մասին կոնգրեսականը գրել է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

«Ինձ խորապես անհանգստացնում են տարածված տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանական զորքերը անցել են Հայաստանի տարածք։ Եթե այս տեղեկությունը ճիշտ է, ապա սա ևս մեկ վտանգավոր և սադրիչ գործողություն է, որը կարող է կյանքերի հետագա կորուստների հանգեցնել։ Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները գիտակցի, որ մեր վարած քաղաքականությունը խրախուսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմական ձգտումները՝ նոր պատերազմի վտանգ առաջացնելով», – գրել է Շիֆն իր ֆեյսբուքյան էջում։

Կոնգրեսականը հավելել է, որ շփվել է Բայդենի վարչակազմի հետ և հորդորել Մինսկի խմբի միջոցով ավելի շատ ներգրավվել գործընթացին, քանի որ դա այժմ ավելի կարևոր է քան երբևէ։

Նա նշել է, որ Ադրբեջանը նման գործողությունների է դիմել՝ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կողմից Ադրբեջանին օգնություն տրամադրելու սահմանափակումների չարդարացված վերացման որոշումից օրեր անց։

«Մենք չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրենք մի ազգի, որը սովորաբար մասնակից է լինում մարդու իրավունքների խախտումներին և ոտնահարում իր հարևանների ինքնիշխանությունը», – եզրափակել է Ադամ Շիֆը։

Տեսանյութեր

Լրահոս