Բաժիններ՝

Հայտնի է Հայաստանի ու Արցախի բուհեր հայտ ներկայացրած դիմորդների թիվը

«Այս տարի Հայաստանի ու Արցախի բուհեր է դիմել 13360 հոգի: 5185-ը քննություն կհանձնեն «Մաթեմատիկա» առարկայից, «Անգլերենից»՝ 4342 հոգի, իսկ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից՝ 4074»,- 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը:

Վերը նշված ընդհանուր թվից Արցախում «Մաթեմատիկա» առարկայից քննություն կհանձնեն 207-ը, 96-ը՝ «Անգլերենից», 322-ը՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից:
Անվճար տեղերի համար դիմել է՝ 1824, վճարովի տեղերի համար` 21820 դիմորդ:

Հիշեցնենք` առաջին փուլն ընդգրկում է տվյալ տարվա ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում, ինչպես նաև նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների տվյալ մասնագիտության համար սահմանված քննական առարկայի (առարկաների) առցանց հայտագրումը, տվյալ տարվա հունիսին միասնական քննությունների հանձնումը։

Երկրորդ փուլը հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, զորացրված կամ տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների տվյալ մասնագիտության համար սահմանված քննական առարկայի (առարկաների) առցանց հայտագրումն ու տվյալ տարվա հուլիսին քննությունների հանձնումն է։

Միասնական քննությունների տևողությունն է` 1) «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն» առարկաների համար` 180 րոպե.

2) «Օտար լեզու» առարկայի համար` 150 րոպե:

Կենտրոնացված քննություններն են գրավոր (ստեղծագործական) քննությունը և «Հայոց լեզու և հայ գրականություն», «Օտար լեզու» (ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն) առարկաների բանավոր քննությունները: Կենտրոնացված քննությունները կազմակերպվում են մեկ փուլով՝ տվյալ տարվա հունիսի 26-ից մինչև հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում: Կենտրոնացված քննությունների տևողությունն է`

1) գրավոր (ստեղծագործական) քննությունը` 240 րոպե,

2) բանավոր քննությունների ժամանակ յուրաքանչյուր դիմորդին քննելու առավելագույն ժամանակը՝ 30 րոպե:

Քննական առաջադրանքներն ու գիտելիքների գնահատման չափանիշերը սահմանում է ԳԹԿ-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս