Աշխատողներին կրճատելու մասին լուրերն իրականության հետ աղերս չունեն, նրանց ատեստացիան էլ առանց դասընթացների, հարցաշար տրամադրելու՝ չի անցկացվում. «Հայփոստ»
Օրերս տեղեկություն տարածվեց, որ «Հայփոստն» ատեստացիայի անվան տակ կրճատումներ է սկսել Երևանում և Գեղարքունիքի մարզում: Աշխատակիցների խոսքով՝ ատեստացիաներն անում են առանց դասընթացների, հարցաշար տրամադրելու, ինչը համարվում է անօրինական:
168.am-ը «Հայփոստ»-ից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ նախապես դասընթացներ չեն կազմակերպվել, հարցաշար չեն տրամադրել:
Ընկերության լրատվական բաժնից հայտնեցին, որ դասընթացներ ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են, իսկ աշխատակիցներին նրանց գործառույթից դուրս որևէ հարց տրված չէ: Նրանք հերքեցին նաև կրճատումների մասին տարածվող լուրերը:
««Հայփոստի» կողմից մատուցվող ծառայությունների որակը բարելավելու հասարակական պահանջարկը բավարարելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ընկերությունը պարբերաբար անցկացնում է գիտելիքների ստուգում (ատեստավորում) և համապատասխան թեստերի միջոցով գնահատելու աշխատակիցների մասնագիտական ունակությունների համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին կամ կատարվող աշխատանքին։ Ոչ բավարար արդյունք ունեցող և ազատման ենթակա աշխատակիցների տվյալներն ընկերության կողմից դեռ չեն ամփոփվել, ուստի զանազան ամբիոններից հնչող աշխատողի ազատման մասին տարբեր թվերն իրականության հետ ոչ մի աղերս չունեն:
Տրվում են այն հարցերը, որոնք նորմալ, լիարժեք աշխատելու համար պետք է իմանան: Ինչ վերաբերում է նախապես հարցաշարը տրամադրելուն, ապա ցանկացած ինֆորմացիա տրված է: Աշխատակիցներին ամեն ինչ ասվել, զգուշացվել է: Նշվել է ժամանակը, թեմաները, որ գնան, պատրաստվեն, ուսումնասիրեն»,- մանրամասնեցին «Հայփոստ»-ից:
Ընկերության փոխանցմամբ՝ գիտելիքների ստուգման (ատեստավորման) գործընթացը բաղկացած է հետևյալ փուլերից.
Բոլոր աշխատողները գրավոր իրազեկվում են իրենց աշխատանքային պարտականությունները կազմող ներքին կանոնակարգերի մասին, աշխատակիցները պարբերաբար և բոլոր թեմաների վերաբերյալ անցնում են ուսուցման դասընթաց, որը կազմակերպում է ընկերությունը՝ համապատասխան հարմարեցված ուսուցման կենտրոնում կամ հեռավար կարգով: Սրան հաջորդում է գիտելիքների ստուգման գործընթացը, որի շրջանակում աշխատողները նախապես տեղեկացվում են գիտելիքների ստուգման օրվա, վայրի և ժամանակի մասին, նրանց տրամադրվում են թեմաներն ու նյութերը, գիտելիքների ստուգման գործընթացն արձանագրվում և տեսաձայնագրվում է, ստուգման գործընթացի արդյունքներով 70-79 տոկոս հավաքած աշխատակիցները հնարավորություն են ստանում մասնակցելու երկրորդ փուլին, իսկ մինչև 70 տոկոս հավաքած աշխատողների հետ հետագա աշխատանքի հարցերը քննարկվում և լուծվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով: Մինչև 70 տոկոս արդյունքի պարագայում աշխատողը հնարավորություն չի ունենա պատշաճորեն կատարելու իր աշխատանքային պարտավորությունները և իրականացնելու հաճախորդների սպասարկումը:
Մեզ հայտնեցին նաև, որ ատեստացիան անցկացվելու է մինչև տարեվերջ:
Հավելենք, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է և խոշոր գործատուներից մեկը, ՀՀ-ում ունի ավելի քան 850 փոստային բաժանմունք և ավելի քան 3000 աշխատակից: