Բաժիններ՝

Ազգային գրադարանը ներկայացրեց Շուշիի տպարաններում հրատարակված հետաքրքիր գրքերն ու ամսագրերը

Հայաստանի ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի նախաձեռնությամբ մայիսի 10-ին գրադարանի մեծ ցուցասրահում բացվեց Շուշիի հայկական տպագրությանը նվիրված գրականության և մամուլի ցուցադրություն։

Ներկայացվեցին Անձեռնմխելի գրականության բաժնի ֆոնդերում պահվող Շուշիի հրատարակությունները։

Այցելուները ցուցադրությանը կարող են տեսնել հետաքրքիր և հնատիպ հրատարակություններ Բողոքական քարոզիչների (1827-1833թթ.), Սրբազան Մետրոպոլիտի Բաղդասարի (1837-1902թթ.), Միրզաջան Մահտեսի Հակոբյանցի (1879-1905թթ.), Եղիսաբեթ Միրզաջան Մահտեսի Հակոբյանցի (1901-1904թթ.), Մելքում Բաբաջանյանի (1910-1919թթ.) տպարաններից:

Անձեռնմխելի գրականության բաժնի աշխատակցուհի Արմինե Մկրտչյանն ասաց, որ ցուցադրվում է պահոցի մի փոքր մասը՝ 100 անուն գիրք և վեցը պարբերական՝ լրագիր և ամսագիր: «Ցուցահանդեսի նպատակը հանրությանը Շուշիում գործած տպարաններն ու այդ տպարաններում հրատարակված գրականությունը ներկայացնելն է, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ Շուշին հատկապես 19-րդ դարում հզոր քաղաք է եղել՝ հարուստ մշակութային, հոգևոր արժեքներով: Արցախցին միայն հերոսական ոգով աչքի չի ընկել, այլև հոգևոր կյանքի, գրի ու գրականության նկատմամբ տածած սիրով, կրթալուսավորչական և հրատարակչական գործունեությամբ»,-շեշտեց Մկրտչյանը:

Նա տեղեկացրեց, որ Շուշիում գործող տպարաններից առաջինը եղել է Բողոքական միսիոներների տպարանը, որը ռուսական իշխանություններից թույլտվություն է ստանում Կովկասում դպրոցից բացի նաև տպարան հիմնելու: Այդ տպարանում հրատարակված առաջին գիրքը «Պատմութիւն Սուրբ գրոց» -ն է, որը լույս է տեսել 1828 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս