Իրականում ավազակապետական հեղափոխությունը Հայաստանում կատարեց Նիկոլ Փաշինյանը․ Լևոն Զուրաբյան
Մեր փառապանծ հաղթանակները հիմարության, պոռոտախոսության, լոպազության, քաղաքական տգիտության պատճառով մսխվեցին․ այս մասին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Նա, սակայն, հորդորեց չհուսահատվել․ «Ամենավերջին գործն է հուսահատվելը․ այնուամենայնիվ, մեր ազգը պետք է իր մեջ ուժ գտնի կենսահաստատվելու համար։ Հաղթանակները երբեք չեն մեռնում» ։
Լրագրողների հարցերին ի պատասխան՝ ՀԱԿ փոխնախագահը տեղեկացրեց, որ ընտրություններին մասնակցելու և, առհասարակ, մասնակցության ձևաչափի մասին հարցերը դեռ քննարկվում են․
«Մենք շարունակում ենք նախապատրաստական աշխատանքներ, ընտրություններին մասնակցության համար՝ ծրագրային աշխատանքները, ժողովներ, բանակցություններ տարբեր քաղաքական և հասարակական ուժերի և ներկայացուցիչների հետ։ Վերջնական որոշում առայժմ չունենք՝ հնարավոր է դաշինքով գնալ, հնարավոր է՝ միայնակ, հնարավոր է ընդհանրապես չգնալ, ամեն ինչ էլ հնարավոր է»։
Անդրադառնալով ներքաղաքական գործընթացներին՝ Լևոն Զուրաբյանը նշեց․ «Այսօր մենք ունենք շատ կոնկրետ ղեկավար, որի տգետ, խառնակ կառավարումը տվել է այն արդյունքները, որ մենք բոլորս այսօր տեսնում ենք։ Այսինքն՝ ունենք աղետաբար կառավարում, և ոչինչ չի փոխվելու։ Գիտեք՝ օդում ինքնաթիռ քշելը չեն սովորում․ սովորում են սկզբից գետնի վրա, հետո նոր սկսում են վարել ինքնաթիռ։ Օդում ինքնաթիռ վարել սովորելը բերում է այսպիսի արդյունքների»։
Նիկոլ Փաշինյանի կողմից Լևոն-Տեր Պետրոսյանի՝ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին ուղղված առաջարկն ավազակապետական հեղափոխության փորձ որակելու մասին լրագրողի դիտարկմանն ի պատասխան՝ քաղաքական գործիչը նկատեց, որ այդ տերմինը Փաշինյանը սովորել է Տեր-Պետրոսյանից, իսկ ավազակապետական հեղափոխությունը Հայաստանում կատարել է հենց Փաշինյանը․
«Իրականում, ավազակապետական հեղափոխությունը Հայաստանում կատարեց Նիկոլ Փաշինյանը: Ասում են՝ ո՞նց կարելի է մոռանալ «Մարտի 1»-ի գործը, գնալ էդ մարդկանց հետ համագործակցության, բայց տեսե՛ք, Սերժ Սարգսյանը չկարողացավ փակել Մարտի 1-ի էջը, իսկ Նիկոլ Փաշինյանը փակեց, ու այնպես փակեց, որ դա արդեն բացել չի լինի:
Մենք այն ժամանակ ի՞նչ էինք ասում՝ ՍԴ-ն այս կազմով արդարացնելու է Ռոբերտ Քոչարյանին, և դրա համար պետք է արմատական քայլեր ձեռնարկել, փոխել ՍԴ կազմը, որ հնարավոր լինի «Մարտի 1»-ի էջի փակման դեմն առնել: Բայց ինչ կատարվեց․ կատարվեցին կիսատ ռեֆորմներ, որոնք ձգվեցին երկարուձիգ տարիներով, կիսատ, անհամոզիչ, և ի վերջո, այդ ամբողջ ռեֆորմների հետևանքով, դրանից հետո 8:0 հաշվով (Վահե Գրիգորյանը չէր մասնակցում նիստին, որովհետև հայտարարվել էր, որ չի կարող անաչառ լինել) Ռոբերտ Քոչարյանն արդարացվեց: Հիմա Դուք ինձ ուզում եք համոզել, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անում է Սահմանադրական դատարանի ռեֆորմ, որի հետևանքով փակում է Մարտի 1-ի էջը, դարձնում է Ռոբերտ Քոչարյանին մաքուր, ոչնչով չարատավորված հերոս, դա Փաշինյանի կամքից անկա՞խ է եղել․ ով ուզում է հավատալ, թող հավատա դրան։ Մի անգամ արեց ժողովրդավարական հեղափոխություն, հետո պարզվեց, որ այդ հեղափոխության ավարտը լինելու էր ավազակապետական հեղափոխությունը»,- ասաց նա: