«Այսօր անձրև եկավ ու քո արյունոտ ոտնահետքերը մաքրեց Եռաբլուրից, իսկ նախորդ անգամ ձյունը մաքրեց». Գեղամ Նազարյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը ևս մասնակցում էր Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հանրահավաքին։
Ազատության հրապարակում դիմելով ներկաներին, նա ասաց, որ իր որդին՝ 5 հազար ընկերների հետ, Արցախի պատերազմում չի պարտվել։
«Այսօր՝ մայիսի 9-ին, ես պիտի զանգեի Հադրութ ու շնորհավորեի Աբգարիս, ասեի՝ շնորհավոր, ու հարցնեի՝ ինչպե՞ս օրը նշեցիք, ինքն էլ իր բնավորության համաձայն՝ ասեր՝ նորմալ։ Ինձ նման հազարավոր ծնողներ այսօր պիտի զանգեին իրենց որդիներին ու շնորհավորեին։ Հարյուրավորներ էլ պետք է գնային Շուշի, Հադրութ, Ջրական, Արայի լեռ ու տեսնեին իրենց որդիներին, շնորհավորեին։ Այս տականքները եկան խլեցին Շուշին, Հադրութը, մեր հաղթանակն ու այդ տղերքին, բայց մեր տղերքը տեսան հաղթանակն իրենց աչքերում»,- նշեց Գեղամ Նազարյանը։
Նա հիշեցրեց, երբ առաջին անգամ՝ դեկտեմբերի 23-ին ելույթ էր ունեցել հանրահավաքի ժամանակ, կարծում էր, որ բանականությունը կհաղթի, և ներկա իշխանություններն ավելի շուտ կգնան:
«Ներողություն եմ խնդրում մեր տղերքից, ծնողներից, որ այսքան երկարեց, բայց ես ասում եմ՝ եկել է վերջին փուլը, մենք ուս ուսի տված պետք է երկիրը մաքրենք չարքից, որպեսզի մենք մեր տղերքի շիրիմներին ասենք, որ մենք շարունակեցինք ձեր գործը։ Այսօր յուրաքանչյուր հայ, երբ կանգնում է հայելու առաջ, տեսնում է պարտության, նվաստացման դեմքը»,- ասաց Գեղամ Նազարյանը։
Նա շեշտելով, որ կուսակցական չէ, նաև հայտարարեց՝ չպետք է թույլ տան, որպեսզի ներկայիս իշխանությունը նույնիսկ մասնակցի առաջիկա ընտրություններին։
«Մասնակցեն, որ ի՞նչ անեն, մասնակցեն, որ ընտրարշավի ժամանակ պատմեն, թե ինչպես էին Շուշին հանձնում, մեր տղերքին մորթում, իսկ իր կինն էլ մոնիտորով հետևում, թե ինչպես էին մեր տղերքը իրենց կյանքը տալիս։ Ես, Նիկոլ, քեզ եմ ասում, դատարկագլուխ, քեզ եմ ասում, ո՞վ էր քեզ ստիպում, որ այսքանից հետո մասնակցես ընտրություններին։ Գնալու ես գյուղեր՝ ի՞նչ պատմես, թե ինչպես էիր վերելակում խեղճացե՞լ, ինչպես էիր Հադրութն ու Շուշին հանձնո՞ւմ, ինչպես էիր որոշում՝ 5, թե 7 հազար տղա սպանե՞ս։ Գնալու ես գյուղեգյուղ՝ ինչ անես, ինչ ստեր հորինես, արի այստեղ ու ասա, պատմիր, թե ի՞նչ ուժ էր քեզ ստիպում, որպեսզի դու այդ ամենն անես, ո՞վ քեզ ստիպեց, որ այդ անբարոյականություններն անես»,- ընդգծեց Գեղամ Նազարյանը։
Միաժամանակ նա նշեց, որ երբ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ սողեսող գնացել էր Եռաբլուր, նրա այցից հետո ձյուն էր եկել և տղաների շիրիմները մաքրել, այսօր էլ նրա այցից հետո անձրև եկավ։
«Այս հարթակում կանգնած են մարդիկ, որոնք ազգին հաղթանակներ են բերել, Շուշի են նվիրել, որոնք այս հողն ու ջուրն են սիրում։ Նրանցով այս երկիրը պետք է մաքրենք։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այն սխալը, որը թույլ տվեցինք 2018 թվականի ապրիլին, ազգովի մեղա գանք»,- նշեց նա։