«Այս իշխանության օրոք աճել է միայն աղքատությունը և գերեզմանների քանակը». Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների միջև այսօր ստորագրվեց հուշագիր՝ առաջիկա արտահերթ ընտրություններին «Հայաստան» դաշինքով  մասնակցելու վերաբերյալ։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում անդրադառնալով երկրի տնտեսական, քաղաքական, անվտանգային իրավիճակին, շեշտեց, որ նշված բոլոր ոլորտներում խորը ճգնաժամ է, ավելին՝ իշխանությունը հետևողականորեն քանդում է երկրի տնտեսությունը՝  խոստացել էին թռիչքաձև աճ, ապահովել են թռիչքաձև անկում։

«Այս իշխանության օրոք աճել է աղքատությունը, արտաքին պարտքը՝ ավելի քան 2 մլրդ դոլարով, ներդրումները գրեթե զրոյացել են։ Ըստ էության այս իշխանության օրոք, վերջին երեք տարում աճել է միայն աղքատությունը և գերեզմանների քանակը, սա կարելի է ներկայացնել՝  որպես արդյունք իշխանության կառավարման երեք տարիների համար։ Իրենք չեն կատարել որևէ նախընտրական խոստում, նույնիսկ նրանք, որոնք հեշտությամբ կարելի էր կատարել»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Ըստ ՀՀ երկրորդ նախագահի, «Հայաստան» դաշինքը գալով իշխանության՝ մտադիր է  առաջին հերթին գնահատել երկրին հասցված վնասի ծավալը՝ բոլոր ոլորտներում, որն անհրաժեշտ է  հետագա քայլերն ապահովելու համար։

«Անմիջապես պետք է անցնենք հակաճգնաժամային քայլերի՝ կանգնեցնելու անվտանգության և պետական կառավարման հետագա դեգրադացիան, կանգնեցնենք տնտեսական անկումը, վերականգնենք երկրի վարկը, կանխատեսելիությունը։ Մենք վաղուց կորցրել ենք վստահելի գործընկերոջ համբավը՝ նաև միջազգային ասպարեզում։ Սկզբունքորեն անհրաժեշտ է, որ ժողովուրդն անմիջապես զգա փոփոխությունները և ժողովուրդը դա զգալու է։ Դատարկ խոստումներ չենք տալու, մեր հաջողության գրավականը լինելու է փորձը, արհեստավարժությունը, ջանասիրությունը, կարգապահությունը և սերը երկրի նկատմամբ։ Նորից երկիրը վերածելու ենք շինհրապարակի, առաջնային խնդիր է դառնալու տասնյակ հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծումն ամեն տարի, մեկ անգամ դա արվել է, վստահ եմ, որ ի վիճակի ենք այդ ամենը կրկնել»,- հավելեց Ռոբերտ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ այսօր հուշագրի ստորագրումից հետո Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքն անցկացնելու է  հանրահավաք։

Տեսանյութեր

Լրահոս