«Նոր հաղթանակներ գրանցելու համար պետք է միշտ հիշել և արժևորել պատմական հաղթանակները»․ Արցախի ԱԳՆ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել մայիսյան եռատոնի կապակցությամբ․
«Մայիսի 9-ը Արցախի և ողջ հայ ժողովրդի պատմության ամենահիշարժան խորհրդանշական օրերից մեկն է: Այսօր մենք նշում ենք փառապանծ եռատոնը՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը, 1992 թ. մայիսին Շուշիի ազատագրումը և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կազմավորումը:
Մենք հպարտությամբ ենք հիշում այն մարտիկների սխրանքները, որոնց շնորհիվ կարողացանք հաղթահարել բոլոր մարտահրավերները և հաջողություն ունենալ ֆաշիզմի, ազգայնամոլության և պատմական անարդարության դեմ պայքարում։ Դարակազմիկ հաղթանակները խորհրդանշում են ազգի տոկունությունը, խիզախությունը, անկոտրում հավատքն ու հայրենասիրությունը։ Թերևս սա է մայիսյան եռատոնի ամենակարևոր ուղերձը։
Նոր հաղթանակներ գրանցելու համար պետք է միշտ հիշել և արժևորել պատմական հաղթանակները:
Այս նշանակալի օրը շնորհավորում ենք մեր ողջ հանրությանը, Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերին և եղբայրներին, վետերաններին, հայրենիքի անվտանգությունն ապահովող բոլոր զինծառայողներին:
Խաղաղություն մեր հայրենիքին։
Մենք դեռ կտոնենք նորանոր հաղթանակներ»։