Հայաստանի թիավարները կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարերին
Հունգարիայի Ցեգետ քաղաքում մայիսի 12-13-ին կանցկացվի թիավարության բայդարկա և կանոէ մրցաձևերի օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշար:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Մինչ այդ մարզաձևի միջազգային ֆեդերացիան եվրոպական երկրների մարզիկների համար մայիսի ութից ուսումնամարզական հավաք կկազմակերպի: Հայաստանից կմասնակցեն մեկտեղանոց կանոէի ներկայացուցիչ Արա Վիրաբյանը, բայդարկավարներ Էդգար Թությանը և Վլադիմիր Ալավերդյանը: Նրանց մայիսի 11-ին կմիանան բայդարկավար Ռադե Պեդիչը և ավագ մարզիչ Մարտիրոս Շահվալադյանը:
Օլիմպիական արտոնագիր կստանան առաջին քառյակներում տեղ գտնող թիավարները:
Վարկանիշայինի ավարտից հետո, նույն Ցեգետ քաղաքում, հայ պատվիրակները կմասնակցեն մայիսի 15-ին մեկնարկող աշխարհի գավաթի խաղարկությանը: