Օգնությո՞ւն, թե՞ ընտրակաշառք
Այսօր 168.am-ի խմբագրություն զանգահարած Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչներից մեկն ահազանգում էր իրենց քաղաքում, թերևս, ընտրակաշառք բաժանելու դեպքի մասին:
«Օրվա լույս ժամին, Վազգեն Առաջին փողոցի 12-րդ շենքին հարող տարածքում մեքենան կանգնեցրել ու սննդամթերք էին բաժանում սպիտակ տոպրակներով»,- ասաց մեր զրուցակիցը:
Հարցին, թե ի՞նչ էին պարունակում տոպրակները, քաղաքացին ասաց՝ ձեթ, շաքարավազ, ալյուր, այլ սննդամթերք:
Նա հավելեց նաև, որ քաղաքացիների հետ զրույցում այդ ապրանքները բաժանողներն ասել են, որ սա ընտրակաշառք չէ, այլ օգնություն:
Հետաքրքիր է՝ տեղյա՞կ են արդյոք Էջմիածնի քաղաքապետարանն ու իրավապահ մարմինները, որ Էջմիածնում, կոնկրետ հասցեում ընտրություններից 1.5 ամիս առաջ «օգնություն» է բաժանվել:
Հետաքրքիր է նաև, թե ով է այդ բարեգործը: