«Սրանք Փաշինյանի վերջին ճիչերն են. նա զգում է, որ խորտակվելու եզրին է». Լիլիթ Ադիբեկյան

«Փաշինյանի վերջին ելույթը նման էր վերջին ճիչերի, երբ մարդ զգում է, որ իր ձեռքից ամեն ինչ փախչում է, արդեն խորտակվելու եզրին է, և վերջին ուժերն է փորձում հավաքել, որպեսզի դուրս գա այդ իրավիճակից: Բնականաբար, այս պարագայում սկսել են մեծ սխալներ իրականացվել իրենց կողմից»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, հոգեբան Լիլիթ Ադիբեկյանը՝ ընդգծելով՝ Փաշինյանի ԱԺ վերջին ելույթն ընկալվել է՝ որպես հիստերիկ, ջղագրգիռ և այդպես էլ եղել է իրականում:

Նրա դիտարկմամբ՝ Փաշինյանի յուրաքանչյուր նման ելույթից հետո նրա էլեկտորատը նվազում է. «Սրանք Փաշինյանի վերջին ճիչերն են, որովհետև իրենք էլ են տեսնում՝ ոնց է իրենց էլեկտորատը պակասում: Եթե մի քանի հատ էլ այսպիսի դեպք տեղի ունենա, կտրուկ նվազելու է նրանց էլեկտորատը»:

Հարցին՝ 2018թ. մինչև այսօր հասարակության մոտ հոգեբանական ի՞նչ փոփոխություններ են գրանցվել, նա պատասխանեց. «Մեր հասարակությունն ապրեց իր կյանքի ամենամեծ հիասթափությունը և իր վրա զգաց մանիպուլյատիվ ամենամեծ ազդեցությունը, որը հնարավոր էր իրականացնել: Այդ պրոցեսը 2018թ. ավելի շուտ է սկսվել. Վերլուծվել է մեր ազգաբնակչությունը, էլեկտորատը, այն թիմը, որ աշխատել է, այն ժամանակ գուցե չէր պատկերացնում, որ իշխանության կգա Փաշինյանը, երևի պարզապես ուսումնասիրել են մեր էլեկտորատի ցանկությունները, երազանքները: Եվ երբ հասկանում ես՝ ինչ է ուզում բնակչությունը, կարողանում ես ստեղծել այդ պատրանքը, որի միջոցով կկարողանաս կառավարել մարդու ընտրությունը, մարդու քայլերը: Այդ ժամանակ Փաշինյանը, լինելով ԱԺ պատգամավոր՝ շատ կտրուկ խոսում էր, քննադատում էր կառավարությանը, կառավարության բոլոր քայլերը, և առաջին փորձը, որ արվեց՝ Փաշինյանին դուրս բերել դեպի ժողովուրդ, ՊՊԾ գնդի գրավումն էր, երբ ժողովուրդը նրան չընդունեց մեծ ողջույններով: Դա առաջին փորձնական քայլն էր, որը գցվեց: Հասկացան, որ նրանից հնարավոր է սարքել առաջնորդ, և այդ պահից սկսվել է լուրջ աշխատանքը և՛ ազգաբնակչության, և՛ բուն Փաշինյանի հետ»:

Նրա խոսքով՝ տարիներ շարունակ Հայաստանում իրականացված վերոնշյալ մոնիտորինգը պարզ մեխանիզմ է և կատարվում է բոլոր պետություններում, որպեսզի հասկանան բնակչության ցանկությունները, արդի խնդիրները, և դրա վրա կառուցվում է կառավարության և՛ պրոպագանդան, և՛ մնացած ազդեցությունները. «Մեծագույն խնդիրներից մեկը, որը շահարկվել է այդ ժամանակ, եղել է կոռուպցիայի դեմ պայքարը, որ՝ կոռուպցիա է, բյուջեն կողոպտում են, իրենց գրպաններն են լցնում: Դա դարձավ ամենամեծ սյունը, որի վրա կառուցվեց հենց այդ շարժումը՝ նախկիններին սարքել կոռումպացված ինչ-որ տարր, թշնամի, որովհետև երբ ժողովուրդն ունի թշնամու կերպար՝ ինքը գիտի՝ ում դեմ է պայքարում: Այստեղ նախկինների դեմոնիզացման գործընթացը գնաց, որ նրանք կոռուպցիայով են զբաղվում, իրենց բոլոր որոշումները միայն իրենց համար են, քաղաքացիներին ոչ մի օգուտ դրանցից, և այլն: Դա արդեն բխել է ժողովրդի սրտից, մտքից: Նախկինների դեմոնիզացիան հիմա էլ է շարունակվում և շարունակվելու է: Երբ ժողովուրդը չունի հստակ թշնամու պատկեր՝ չգիտի՝ ուր է գնում, ինչու է գնում: Երբ խոսում եմ այն մասին, որ այ, տեսեք՝ արագաչափերը, կարմիր գծերը, ես կարող եմ շոշափել՝ արագաչափ-տուգանք՝ իմ գրպանին կպավ, կարմիր գիծ-շտրաֆ՝ իմ գրպանին կպավ: Այսինքն՝ դա շոշափելի է: Իսկ եթե ես վերացական ինչ-որ բաներ ասեմ, դա չի կպնի մարդու ֆինանսական, տնտեսական և էմոցիոնալ դաշտին: Եթե նույն Փաշինյանը խոսեր այն մասին, որ՝ ինչ-որ մեկը կոռուպցիայով է զբաղվում, դա չէր ընկալվի ժողովրդի կողմից՝ որպես ռեալ ինֆորմացիա, դրա համար արդեն շեշտադրված անուններ էր տրվում՝ ես սա կբացահայտեմ, այն կոռուպցիան կբացահայտեմ, բյուջեն կլցնեմ: Այդ դեմոնիզացիան ուներ շոշափելի ուրվագիծ»:

Հոգեբանի խոսքով՝ դա չի ազդում բնակչության միայն այն շերտի վրա, որը կարողանում է տրամաբանորեն դատել. «Մնացած մասսան, որը մնացել է այդ վարակման տակ, իրենց տրամաբանական մտածելակերպը դեռ չի շխատում: Այդ պատճառով մենք դեռ ունենք այդ գաղափարների հետևորդներին և «Իմ քայլը» կունենա իր էլեկտորատը: Դրանից բուժումն այն է, որ մարդուն հանես էմոցիոնալ վարակման դաշտից, կարողանաս նրան իր սեփական մաշկի վրա ցույց տաս, որ զգա և ապրի էմոցիոնալ ինսայթ (insight), միայն այդ դեպքում կկարողանանք արթնացնել մնացած բնակչությանը»:

Նա ընդգծեց. «Եթե ընդդիմությունը քայլեր չգործադրի, շատ տխուր պատկեր կունենանք ընտրություններից հետո. մեծամասնության մասին դեռ չեմ խոսում, բայց միանշանակ Փաշինյանը կանցնի»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս