«Առաջինը, ով ուժեղ տղա էր, գնում էր պատվաստվելու. ես միշտ եմ հերոս». Հովիկ Աղազարյան
Խորհրդարանում այսօր իմքայլական մի խումբ պատգամավորներ պատվաստվեցին:
Պատվաստումից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն լավ է զգում:
Հարցին՝ հիպնոսի որևէ բան չկա՞ր, պատասխանելու փոխարեն, պատգամավորը ժպտալով թեթև հարվածեց միկրոֆոնին:
«Բոլորին կոչ եմ անում՝ ժամանակ գտնեն և անցնեն այս փորձությունը, սա փոքրիկ փորձություն է, որը միտված է իրենց և բոլորիս առողջությունն ապահովելուն: Հետևաբար` որևէ սարսափելի բան չկա, որովհետև եթե հիշում եք՝ մեր նախկին նախարարը՝ Արսեն Թորոսյանը, դեռ այն ժամանակ, երբ նոր էր կորոնավիրուսը, այսպես ասած, մտնում մեր կյանք, ինքն օբյեկտիվ էր գնահատում ամեն ինչը, ասաց, որ ամենաշուտը մեկ տարի հետո է լինելու պատվաստանյութը, այդպես էլ եղավ»,- նշեց Հովիկ Աղազարյանը:
Ըստ նրա, բոլորը պետք է մեծ զսպվածությամբ լցվեն, քանի որ որևէ վտանգ չկա:
Նա ընդգծեց, որ Արսեն Թորոսյանի ասածներին անվերապահորեն հավատում է:
«Սկզբից չէի հավատում, բայց հետո սկսեցի իմ կարծիքը նրա մասին փոխել: Չեմ ասի, թե որ պահից սկսեցի հավատալ, էդ մի ուրիշ ձևի գաղտնիք է: Դե մի քանի անգամ, երբ իր ասածները դարձան ճշմարտություն, արդեն ստիպված ես հաշվի նստել այդ տեսակետի հետ»,- հավելեց պատգամավորը:
Նա նաև շեշտեց, որ պատմության ընթացքում եղել է այնպիսի իրավիճակ, երբ մարդիկ պետք է պատվաստվեին, վախեցել են:
«Մենք էլ փոքր ժամանակ, երբ դպրոցում պատվաստվում էինք, դա եսիմինչ արարողություն էր: Առաջինը, ով ուժեղ տղա էր, գնում էր պատվաստվելու, այդպես է եղել, երևի ձեր ժամանակ էլ է այդպես եղել, հիմա էլ է այդպես, ես միշտ եմ հերոս»,- եզրափակեց Հովիկ Աղազարյանը: