Մանրամասներ Արարատ Միրզոյան-Արման Թաթոյան հայտնի բանավեճից

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 6-ին խորհրդարանում ներկայացրեց ՄԻՊ 2020  թվականի տարեկան զեկույցը:

Զեկույցը ներկայացնելուց հետո ելույթներով հանդես եկան իշխանական մի խումբ պատգամավորներ և դրական արտահայտվեցին ՄԻՊ զեկույցի ու առհասարակ Արման Թաթոյանի և ՄԻՊ ինստիտուտի վերաբերյալ: Իսկ «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթով հանդես եկավ Մարիա Կարապետյանը, ով դժգոհեց ՄԻՊ-ից և Արման Թաթոյանին մեղադրեց «մեդիատեռորին միանալու» համար:

Ի պատասխան պատգամավորի ելույթի, Արման Թաթոյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ նրա ելույթը վիրավորական էր ու բացահայտ մանիպուլյատիվ, որով փորձ էր արվում նսեմացնել ՄԻՊ-ի աշխատանքը։

«Մեդիատեռորի մեջ եք մեղադրում ՄԻՊ-ին, լո՞ւրջ եք ասում, իսկ ինչպե՞ս հասկանանք, որ մարդիկ պատերազմից հետո գտնվում էին տեղեկատվական բլոկադայի մեջ, պետությունը որդեգրել էր չափազանց սխալ քաղաքականություն, անընդհատ ասվում էր` ոչինչ տեղի չի ունենում, ու տեղը լցվում էր ապատեղեկատվությամբ: Պետությունը ոչինչ չի անում ու մեղադրում է մեդիատեռորի մեջ:

Դուք գնացե՞լ եք Գորիսից–Շուռնուխ կամ Ճակատեն գնացող հատվածը, հարց տվե՞լ եք` ինչ տեղի կունենա, եթե այնտեղ ավտովթար լինի։ Ադրբեջանցիները պիտի գան, իրենց հատվածն է, ստացվում է՝ Ադրբեջանի քննչական մարմինները պիտի գան մեր քաղաքացուն հարցաքննությա՞ն ենթարկեն։ Կառավարող խմբի անդամ եք, գնացե՞լ եք, հարցրե՞լ եք, որ քաղաքացու հետ նման դեպք լինի, ո՞նց եք գնալու պաշտպանեք նրա իրավունքները։ Թե՞ տանելու են ձերբակալեն, որպես գերի վերցնեն: Արդարադատության նախարարությանը այդ հարցադրմամբ նամակ ենք գրել, բայց իրենք էլ չգիտեն` նման դեպքերում ինչ են անելու»,- իր խոսքում նշեց Արման Թաթոյանը:

Արման Թաթոյանի այս ելույթից հետո խոսեց նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ով, դիմելով Արման Թաթոյանին, ասաց, թե հարկ չկար նման ելույթ ունենալ, քանի որ պատգամավորներն այսօր բոլորն իր նկատմամբ դրական են արտահայտվել:

Սակայն ամեն ինչ այսքանով չավարտվեց, նիստի ընդմիջմանը  Արարատ Միրզոյանը հենց նիստերի դահլիճում մոտեցել է Արման Թաթոյանին, այսպես ասած՝ հաշիվներ պարզելու, թե ինչո՞ւ նա այդպես հակադարձեց Մարիա Կարապետյանին:

Նշենք, որ այս միջադեպը ֆիքսել էին լրագրողները:

Ըստ ականատեսներից մեկի, Արարատ Միրզոյանը սրտնեղել է ու Արման Թաթոյանին ասել, թե ինչու նա այդպես ելույթ ունեցավ, հատկապես այն դեպքում, երբ իշխանական բոլոր պատգամավորները դրական են խոսել իր մասին։

Ի պատասխան՝ Արման Թաթոյանն ասել է, որ իսկապես պատգամավորները դրական են արտահայտվել, սակայն «Իմ քայլն» ընտրել է հատուկ տակտիկա և խմբակցության անունից ընտրել են Մարիա Կարապետյանին, որն էլ իր ելույթով փորձում էր նսեմացնել ՄԻՊ աշխատանքը և իրեն:

Ի դեպ, առաջին անգամ չէ, երբ իշխանական պատգամավորները փորձում են իրենց ելույթներով այս կամ այն գործընթացներում մեղադրել Արման Թաթոյանին, սակայն վերջինիս կողմից համարժեք պատասխան ստանալուց հետո լռում են և նախապատրաստվում հաջորդ «գրոհին»:

Տեսանյութեր

Լրահոս