Սապորոյում կայացել են Օլիմպիական խաղերի վազքի ստուգողական մրցումները
Սապորոյում ավարտվել են օլիմպիական մարաթոնյան վազքի ստուգողական մրցումները: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Այն անցկացվել է կիսամարաթոնի ձևաչափով: Տղամարդկանց պայքարում լավագույն ժամանակը ցույց է տվել քենիացի Հիլարի Կիպկոիչը, իսկ կանանցը՝ ճապոնուհի Մոյա Իշիյաման: Մեկնարկել են տեղի և արտերկրից ժամանած փոքրաթիվ մասնակիցներ:
Պահպանվել են վիրուսի տարածման կանխարգելիչ կանոնները: Մրցումներն անցկացվել են առանց հանդիսականների: Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի ղեկավար Սեբաստիան Կոուն ներկա է եղել մարաթոնին և իր գոհունակությունն է հայտնել:
Մարաթոնյան վազքը հուլիսյան շոգի պատճառով է Տոկիոյից տեղափոխվել Սապորո: Օգոստոսի ութին նշանակված այդ ստուգատեսը վերջակետ կդնի ամառային 32 –րդ Օլիմպիական խաղերին: