«Լևոն Տեր-Պետրոսյանը՝ խելոք լինելով հանդերձ, բոլորին նախանձում էր. պատրաստ է ոչնչացնել, որովհետև ինքը նախանձում է». Հովիկ Աղազարյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի խոսքով՝ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն իր համար այնքանով էր անակնկալ, որ վերջինս իրեն երբեք չի զարմացրել, քանի որ նրան վաղուց է ճանաչում:

«Բայց այդուհանդերձ այդ հայտարարությունն ինձ համար անակնկալ էր: Դե գիտե՞ք ինչ, կարելի է ինչ-որ նպատակներ հետապնդել, ամբիցիոզ, բայց, ասենք, հրաժարվել կամ խաչ քաշել այն իրողությունների վրա, որ ապրել ես… Օրինակ, 2008  թվականի մարտի 1-ի դեպքերին նրա գնահատականները Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, ու դրանից հետ համագործակցության առաջարկով է հանդես գալիս, սա բոլոր դեպքերում անակնկալ էր, էլի: Բայց ես սրա բացատրությունն ունեմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ինքնասիրահարվածության աստիճանը… ես հիշում եմ 90-ական թվականներին, երբ նա նախագահ էր, նա արժանացել էր ժողովրդի սիրուն, ես այն ժամանակ չկարողացա մայրիկիս համոզել, որ իրեն ձայն չտա: Այդ ժամանակ, երբ մարդիկ հացի հերթ էին կանգնում, հացի հերթում հիացական խոսում էին նրա մասին: Էն որ ասում են՝ դրսից ուրիշի աչքն էր հանում, ներսից՝ մեր աչքը, իսկական այդ դեպքն էր»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը:

Ըստ նրա, Լևոն Տեր Պետրոսյանն ամեն ինչ մի կողմ է դրել, որպեսզի ոչնչացնի իրենց, այլ ոչ թե անձամբ իրեն, քանի որ իրեն արդեն 90-ականներին ոչնչացրել է:

«Այսինքն՝ պայմանական եմ ասում, որպեսզի ոչնչացնի նրանց, ովքեր 2008 թվականին իր հետ էին, լիքը երիտասարդներ, և իրենից շատ բան սովորելով հանդերձ՝ այսօր Հայաստանում իրավիճակ փոխեցին, ինքը պատրաստ է ոչնչացնել նրանց, որովհետև ինքը նախանձում է, ուզում է այդ ուժերի մեջ բախումներ առաջացնի, որպեսզի ինքը նորից մնա ամենա, ամենա, ամենան: Ինքը չի կարողանում հանդուրժել, որպեսզի Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը այս իրավիճակից պատվով դուրս գան և հունիսի 20-ին ներկայանալով ժողովրդի դատին՝ այնպիսի արդյունք կունենա, որը Լևոն Տեր-Պետրոսյանի համար սարսափելի կլինի: Ինքը խելոք լինելով հանդերձ՝ միշտ բոլորին նախանձում էր: Վազգեն Մանուկյանը 1996  թվականին ընտրվել էր նախագահ, բայց Լևոն Տեր-Պետրոսյանն իր ամբիցիաներն օգտագործելով, իր լեզվով ասած՝ հայտնի ուժերն իրեն պահեցին»,- հավելեց Հովիկ Աղազարյանը:

168.am-ի հարցին, եթե Առաջին նախագահը ինքնասիրահարված ու նախանձ գործիչ էր, այդ դեպքում 2008  թվականին ինչպե՞ս էին կանգնում նրա կողքին, Հովիկ Աղազարյանը պատասխանեց, որ 90-ականների գործիչներից այսօր որևէ մեկը կանգնած չէ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին: Կան միայն երկրորդ կամ երրորդ էշելոնի ու երիտասարդ ուժերի ներկայացուցիչներ:

«Դե, այս համախմբումը կարելի էր ինչ-որ ձևով հասկանալ, որովհետև բոլոր դեպքերում ինքը միտք ունի, ասելիք ունի, կարողանում է տվյալ պահի հետ կապված գնահատականներ տալ, որը գրավում է մարդկանց»,- շեշտեց նա:

Հիշեցնենք, որ Առաջին նախագահը երեկ կրկին հրապարակավ հայտարարեց այն, ինչ հայտարարել էր մարտի 25-ին՝ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին առաջարկելով ընտրություններին մասնակցել «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս