Կանադան թույլատրել է դեռահասներին պատվաստել Pfizer-ի COVID-պատվաստանյութով
Կանադայի առողջապահության նախարարությունը մայիսի 5-ին հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ Pfizer/BioNTech պատվաստանյութի կիրառմանը դեռահասների համար: Այդ մասին հաղորդվում է գերատեսչության կայքում:
Կանադայի առողջապահության նախարարությունն ուսումնասիրել է Pfizer պատվաստանյութը և եկել այն եզրակացության, որ այն արդյունավետ ու անվտանգ է 12-15 տարեկան երեխաների համար: 2020 թվականի դեկտեմբերին Կանադայում թույլատրել են այդ պատրաստուկի կիրառմանը 16 և բարձր տարիքի մարդկանց համար: Կանադայում հավանության արժանացած մյուս բոլոր պատվաստանյութերը՝ AstraZeneca-ն, Johnson & Johnson-ը և Moderna-ն, առայժմ կարելի է կիրառել միայն 18 տարեկանից սկսած:
Կանադայի առողջապահության նախարարությունն այդ թույլատվությունը տվել է այն պայմանով, որ Pfizer-ը կշարունակի գերատեսչությանը տվյալներ տրամադրել երիտասարդների համար պատվաստանյութի անվտանգության, արդյունավետության և որակի մասին:
ԱՄՆ-ում շուտով կարող են թույլատրել 12-15 տարեկան երեխաների պատվաստումը: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը նախօրյակին հայտարարել է բնակչության իմունացման նոր փուլի մասին, որը ենթադրում է դեռահասների պատվաստում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: