«Իմ արժանապատվությունից ցածր է բանջարաբոստանային կոնկրետ կուլտուրայի հետ ուղիղ աղերսներ ունեցող անձին պատասխանելը». Նաիրա Զոհրաբյանը՝ Արայիկ Հարությունյանին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար, Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արայիկ Հարությունյանն անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրառմանը, որտեղ անդրադարձել էր թաղապետերի մասնակցությամբ վիճաբանությանը:

Նա մասնավորապես գրել է. «Նաիրա Զոհրաբյանին ու Լիլիթ Գալստյանին իրենց ֆեյքերն էլ բավարար չեն, անձամբ են ստեղծում կեղծ լուրեր: ԲՀԿ-ի շարքերում ամեն կերպ տեղը պահպանել ցանկացող Նաիրա Զոհրաբյանը, ինչը նրան, ամենայն հավանականությամբ, չի հաջողվելու, և դաշնակցական Լիլիթ Գալստյանը, որն ամեն ինչ անում է «Սիմբա» դաշինքում ավելի բարձր տեղ զբաղեցնելու համար, երեք օր առաջ ֆեյսբուքյան իրենց էջերում կեղծ տեղեկություն են տարածել, թե իբր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ, Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներ Ռազմիկ Մկրտչյանը և Դավիթ Կարապետյանը մասնակցել են արյունալի «ռազբոռկայի»: Սակայն այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ավելին, թե՛ Մկրտչյանը, և թե՛ Կարապետյանը տիկնանց ստահոդ ստատուսներից առաջ հայտարարություններ էին տարածել այդ ֆեյք լուրի մասին: Բայց՝ ո՛չ, տիկնանց արգելակման խողովակները ծակվել են, զսպման «հեղուկը» արտահոսել, և նրանք այլևս ի վիճակի չեն իրավիճակին համապատասխան արձագանք տալ: Ավելին, Զոհրաբյանը, լինելով Ազգային ժողովի պատգամավոր, կարող էր կապվել ոստիկանապետի հետ և առնվազն իմանար եղելության մասին: Ու այսքանից հետո նրանք պայքարում են «за звание дома высокой культуры и быта»:

168.am-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն անդրադառնալով ԿԳՄՍ նախկին նախարարի այս գրառմանը՝ նկատեց.

«Անկեղծ ասած, իմ արժանապատվությունից ցածր է բանջարաբոստանային կոնկրետ կուլտուրայի հետ ուղիղ աղերսներ ունեցող անձին պատասխանելը: Բայց քանի որ սույն անձը հարկ է համարել ինձ անդրադառնալ, պետք է պատասխանեմ, որ, ի տարբերություն իրեն և այլոց, ես ցուցակային հրմշտոցների չեմ մասնակցում: Չեմ մասնակցում, որովհետև իմ քաղաքական արժեքը, ի տարբերություն բանջարաբոստանային տարբեր կուլտուրաների՝ շատ լավ գիտեմ»:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի, եթե իշխանությունների փոխարեն ինքը լիներ՝ կլռեր, քանի որ Արայիկ Հարությունյանը մի քաղաքական թիմի ներկայացուցիչ է, որը հանձնել է Արցախը, որը քաղաքական ու բարոյական պատասխանատվություն է կրում հազարավոր զոհերի, հարյուրավոր ռազմագերիների և անհետ կորածների համար, որը նաև քաղաքական պատասխանատվություն է կրում Հայաստանը թուրքի և ադրբեջանցու համար աճուրդի առարկա սարքելու համար:

«Բայց քանի որ ամոթը քաղաքական կատեգորիա չէ, բնականաբար, սույն քաղաքական թիմի ամենաձախողված պերսոնաժներից մեկն իրեն պիտի թույլ տա նման հայտարարություններ հնչեցնելու:

Ինչ վերաբերում է միջադեպին, ապա ես մեծապես վստահում եմ իմ գործընկեր Գագիկ Շամշյանին, և երբևէ այս տարիների ընթացքում Գագիկը չճշտված տեղեկատվություն չի հրապարակել: Ես մի քիչ դժվար եմ պատկերացնում, որ որևէ մեկի համար, այդ թվում՝ թաղապետի,  գերեզմանոցը և տապանաքարերը զբոսանքի վայր լինեն: Ես հասկանում եմ, որ իրենց, ցավոք, դեռ հաջողվում է հասարակության մի որոշ հատվածի մոլորեցնել, սակայն սույն պերսոնաժը շատ լավ գիտի, որ ես այդ սեգմենտի մեջ երբևէ չեմ եղել և չեմ լինելու»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս