Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հարցի հետ կապված հարուցվել է քրեական գործ
3 փաստաբան հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել՝ կապված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ: Հատուկ քննչական ծառայությունը մերժել էր քրեական գործ հարուցելը, որի դեմ փաստաբանները բողոք էին ներկայացրել:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը տեղեկացնում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքի հիման վրա վերացրել է ՀՔԾ որոշումը և հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի (փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով:
«Դատախազության որոշման մեջ նշվել է․«Վերոգրյալ մեկնաբանությունների լույսի ներքո հարկ է նշել նաև, որ իրավաչափ են բողոքաբերների այն ենթադրությունները, որ Արմեն Սարգսյանը Միացյալ Թագավորության քաղաքացիությունը դադարեցրել է ոչ թե 2011 թվականին, այլ դրանից հետո և հակառակի վերաբերյալ սույն նյութերով օբյեկտիվ այլ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել, որպիսի պայմաններում առկա են ողջամիտ կասկածներ տրամադրված տեղեկատվության (դիմումի)՝ իրականությանը չհամապատասխանելու վերաբերյալ, այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր»»,- նշել է Զոհրաբյանը։