Արցախում գոյություն ունեցող բնակֆոնդն ամբողջապես զբաղված է. շինաշխատանքներ են տարվում. Մանե Թանդիլյան
Արցախում «ճգնաժամային» և «վառվող» խնդիրների լուծումը տրված է:
Այս մասին այսօր, Դիլիջանում, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից կազմակերպված՝ «Գործընկերություն հանուն Արցախի» քննարկման ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի Աշխատանքի, սոցիալական ու միգրացիայի նախարար Մանե Թանդիլյանը՝ հավելելով.
«Հիմնական խնդիրն այսօր կացարանային հարցերն են, կան տարբեր ծրագրեր, խոսվում է մինչև 3 տարվա ընթացքում բոլոր տեղահանվածներին տներով ապահովելու մասին:
Արցախում գոյություն ունեցող բնակֆոնդն ամբողջապես զբաղված է, շեշտադրումը այժմ դնում ենք գյուղական համայնքների վրա, որպեսզի այնտեղ վերականգնենք լքված տները և բոլոր նրանք, ովքեր բնակվում էին գյուղական համայնքներում, վերադառնան բնակվելու»:
Ըստ Թանդիլյանի, Արցախի կառավարությունը ՀՀ Կառավարության հետ համատեղ մի քանի ծրագրեր է իրականացրել` առավելապես արագ, հրատապ աջակցություն ցուցաբերելու համար և ֆինանսական ուղիղ աջակցություն է տրամադրել արցախցիներին:
«Բնականաբար պարենային աջակցություն էլ է եղել, հագուստի, տաք իրերի, տաքացուցիչների, կահույքի, բայց պետք է նշենք, որ կառավարության շեշտադրումը եղել է ուղիղ ֆինանսական աջակցությունը և հենց այս պահին էլ գործում է 68 հազար դրամների ծրագիրը, որով 4 ամիս շարունակ արցախցիները, բացառությամբ 18-ից 63 տարեկան աշխատունակ տղամարդլանց, ստանալու են այդ աջակցությաունը»,-ասել է նա: