«Վարչապետի աթոռին նստած հայրենադավն առավոտից գիշեր վազացնում է՝ ոստիկաններից սկսած, քննիչներով վերջացրած». Գեղամ Մանուկյան

Այսօր ՀՅԴ ներկայացուցիչները հարցաքննության էին հրավիրվել Երևան քաղաքի քննչական վարչություն, ինչը, կուսակցության ներկայացուցիչների պնդմամբ՝  քաղաքական հետապնդում է իրենց նկատմամբ և կապված է վերջերս  Դատախազության առջև անցկացված և այսօր էլ նախատեսվող բողոքի ակցիաների հետ: ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը վարչությունից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր հարցաքննությունը շատ կարճ է տևել:

«Մի քիչ տարօրինակ էր, կասկածյալի կարգավիճակով կանչել էին հարցաքննության, ասացին՝ վկա եք: Բառացիորեն գրել եմ հետևյալը՝ «հաշվի առնելով, որ գտնվում եմ մի հաստատությունում, որտեղ 2021 թ.-ի ապրիլի 22-ին դիմակավորված մարդիկ արժանապատվությունից զրկել են Արցախյան 3 պատերազմների մասնակից, Փաշինյանի դավաճանական գործունեության արդյունքում սեփական տնից զրկված շուռնուխեցի Արարատին, և այդ գործողությունները կարող էին անել միայն թուրքերը, և որևէ մեկը դիմակավորված անձանց ձեռքը չի բռնել, դեռ ավելին, կատարել են Փաշինյանի հանձնարարականները, ես չեմ համարում սա հայրենի իրավապահ համակարգ, և ցուցմունք տալուց հրաժարվում եմ»: Այդքանով մեր հարցաքննությունն ավարտվել է»,- ասաց Մանուկյանը:

ՀՅԴ անդամն ասաց, որ ի պատասխան իր բացատրության՝ քննիչները ոչինչ չեն ասել:

«Չեմ ասի, որ խղճում եմ այս քննիչներին, որովհետև, կրկնում եմ, նրանից հետո, ինչ թույլ տվեց Հայաստանի Քննչական կոմիտեն Արարատի նկատմամբ, նրանց նկատմամբ վերաբերմունքը փոխված է, բայց հասկանում ես, որ այս քննիչների գլխներին լցրել են այնքան քաղաքական պատվեր, որ իրենք էլ չեն կարողանում տակից դուրս գալ: Ձևի համար պետք է քրեական գործեր հարուցեն, շեֆին դուր գալու համար, ոնց որ Արարատին դիմակավորված անձիք պառկացրել էին գետնին, տեսախցիկով նկարում էին, որ տանեին հայրենադավ շեֆին ցույց տային, որ նա էլ էդ անմարդկային բավարարվածությունը ստանա: Դրա համար էլ Հայաստանը լեփ-լեցուն է նման քրեական գործերով, այս մարդիկ օրվա մեջ 48 ժամ էլ աշխատեն, չեն հասցնի: Մի անգամ ԱԱԾ-ում քննիչի կաբինետում տեսա, թե ինչ հատորներ են, որ լցված են, նույնիսկ, որ ուզենան, նախաքննություն չեն կարող իրականացնել: Երկիրը մնացել է մի հատ հայրենադավ՝ վարչապետի աթոռին նստած, և իր տակ՝ իրավապահ համակարգը, որ առավոտից գիշեր վազացնում է՝ ոստիկաններից սկսած, քննիչներով վերջացրած, վազեցնում է այստեղից այնտեղ, այստեղից այնտեղ, մինչև գնա, պրծնենք»,- ասաց Մանուկյանը:

Հարցին, թե նորից կանչելո՞ւ են հացաքննության, ՀՅԴ անդամն արձագանքեց.

«Հետաքրքիր չի ինձ, ՀՔԾ-ում մի հատ քրեական գործով անցնում եմ, մի անգամ են կանչել հարցաքննության դեկտեմբեր ամսին, մոռացել են: Ես էի վերջերս հիշել, անձնագիրս էր պետք, արտասահման մեկնելու անձնագիրը տվեցի, որ մյուսը վերցնեմ»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս