Ռուսները կարող են կրկնել Մարտի 1-ը

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն Աշգաբադում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մամուլում արդեն տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ այդ հանդիպման ժամանակ Վ. Պուտինը Ս. Սարգսյանից պահանջել է հստակեցնել Հայաստանի դիրքորոշումը Եվրասիական միությանն ու նրա կառույցներին անդամակցության հարցում: Նույն` մամուլի տեղեկությունների համաձայն, Պուտինը սպառնացել է, որ եթե պատասխանը բացական լինի, Հայաստանին սպասվում են ոչ բարենպաստ զարգացումներ:

Թե որքանով են այս տեղեկությունները ձևի մասով համապատասխանում իրականությանը, դժվար է ասել: Բայց բովանդակային իմաստով՝ դրանք, եթե անգամ բառացի չեն  համապատասխանում Պուտին-Սարգսյան առանձնազրույցի սղագրությանը, ապա առնվազն բխում են ներկայիս քաղաքական զարգացումների տրամաբանությունից:

Պուտինի կողմից Ս. Սարգսյանին վերջնագրեր ներկայացնելու տեղեկությունները  Հայաստանում, բնականաբար, ընդունվում են անասելի ոգևորությամբ: Ընդդիմությունը դրանում է տեսնում նախագահական ընտրություններում հաղթելու հնարավորությունը: Պուտինից «դաբրո» ստանալու անկարողությունը փոխհատուցվում է Սերժ Սարգսյանին` Պուտինի կողմից ճնշելու հնարավորությամբ:

Եթե իրականությանը համապատասխանում են այդ տեղեկությունները, դա նշանակում է, որ ճնշելով գործող իշխանություններին, ռուսներն իրականում աջակցելու են Սերժ Սարգսյանին` նախագահի պաշտոնում վերընտրվելու հարցում: Բայց աջակցելու են՝ ի հաշիվ Հայաստանի Հանրապետության: Դրանում է արտահայտվում այսօրվա քաղաքական իրավիճակի հակասականությունը, որն առավել ցայտուն դրսևորվելու է նախագահական ընտրությունների ժամանակ: Էլ ավելի ցայտուն` ընտրություններից հետո:

Եթե Ռուսաստանի համար իսկապես կարևոր է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը (իսկ դա քննարկման առարկա չէ), ապա ռուսները փորձելու են նախագահական ընտրություններում անել հնարավորը, որպեսզի Հայաստանը հետընտրական զարգացումներից «աչք չբացի այնքան», որ մտածի եվրոպական ինտեգրացիայի մասին: Այդ նպատակին հասնելու` ռուսների գործիքակազմը բավական հարուստ է:

Սակայն դրա համար առաջին նախապայմանն այն է, որ նախագահական ընտրություններն անցնեն հնարավորիս շատ կեղծիքներով ու հնավորինս աղմկոտ միջադեպերով: Դա իրականացնելն ամենահեշտն է, հատկապես, որ իշխանությունն, այսպես թե այնպես, դիմելու է ընտրակեղծիքների, որոնց համակարգը կարողացել է հասցնել կատարելության:

Ռուսների խնդիրն ընդամենն այն է լինելու, որ ընտրակեղծարարության մեքենան չաշխատի անաղմուկ, և հակաիշխանական ճամբարն ընտրությունների արդյունքները չճանաչելու հնարավորինս շատ հիմքեր ունենա: Մնացածը` արդեն տեխնիկայի հարց է: Իրադարձությունները կարող են զարգանալ մոտավորապես հետևյալ սցենարով: Մինչև ընտրությունները ռուսները նախ՝ ավելի բացահայտ հայտարարում են, որ բարձրացնում են գազի գինը, ինչը հունվար-փետրվարին հասարակության շրջանում կմեծացնի ընդզվման ալիքը, ընտրություններն անցնում են հնարավորինս աղմկահարույց կեղծիքներով (ծեծուջարդ, առևանգումներ, սպանություններ…), բողոքի ալիքն ավելի է մեծանում, ընտրություններում երկրորդ տեղը գրաված թեկնածուն էլ (դա կարող լինել թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Գագիկ Ծառուկյանը, թե՛  Լևոն Տեր-Պետրոսյանը)՝ համախմբելով ոչ իշխանական ուժերին, բողոքի լայնածավալ ակցիաներ է անցկացնում:

Այսինքն` կրկնվում է 2008 թվականի հետընտրական իրադրությունը:
Պատահական չէ, որ այսօր ավելի հաճախ է հնչում հարցը` հնարավո՞ր է, արդյոք, Մարտի 1-ի կրկնությունը: Այդ հարցը ստեղծված ներքին ու արտաքին քաղաքական իրողությունների պայմաններում կարելի է կամ գուցե պետք է վերաձևակերպել` ռուսները կկազմակերպե՞ն, կամ կսադրե՞ն արդյոք նոր Մարտի 1: Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո Հայ ազգային կոնգրեսը՝ հայտարարում, անգամ՝ փաստական հիմքով ապացուցում էր, որ Մյասնիկյանի հրապարակում գործել են նաև ռուսական հատուկ նշանակության ուժեր:

 

 

 

 

 

 

 

 

 

Ավելի ուշ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցներից մեկում հայտարարեց, որ այն հատվածները, որտեղ տեղի են ունեցել սպանությունները, չեն վերահսկվել ո՛չ իշխանությունների, ո՛չ ընդդիմության կողմից: Սա՝ իմիջիայլոց:
Որևէ դրսևորմամբ Մարտի 1-ի կրկնությունը նշանակում է՝ վերադարձ 2008 թվականի Հայաստան, ներքին ցնցումներ, պայթյունավտանգ մթնոլորտ, թշնամանք…

Շատ կարևոր է նաև՝ այդ իրավիճակում հնարավոր՝ Արևմուտքի, մասնավորապես՝ եվրոպական կառույցների դիրքորոշումը: Եթե նրանք, ինչպես 2008 թ. մարտի 1-ից հետո, իշխանությանը չորակեն՝ որպես մարդասպան ու հանցագործ, ապա հայ հասարակության մոտ ավելի են խորացնելու եվրաինտեգրացիայի, ընդհանրապես՝ Եվրոպայի հանդեպ հիասթափությունն ու ատելությունը: Եվրոպան՝ ինքը, կաշկանդված է լինելու՝ շարունակել Հայաստանին ինտեգրվելու գործընթացը: Այդ պայմաններում ռուսների համար գործելու լայն դաշտ կարող է բացվել:

Նրանք կարող են հասնել ինչպես՝ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելուն, այնպես էլ՝ «վերընտրված» իշխանության հաստատմանը: Առաջին դեպքում՝ Սերժ Սարգսյանը կկորցնի կրկին անգամ վերընտրվելու նույնիսկ տեսական հնարավորությունը` իշխանությունը զիջելով այն թեկնածուին, ով երդմնակալության հաջորդ օրը կստորագրի Եվրասիական միությանն անդամագրվելու համաձայնագիրը, երկրորդ դեպքում՝ այդ համաձայնագիրը կստորագրի Սերժ Սարգսյանը:

Սա, իհարկե, մեղմ ասած, տխուր հեռանկար է: Բայց, որքան տխուր ու անցանկալի, նույնքան էլ իրական հեռանկար է՝ քաղաքական զարգացումների ներկայիս ընթացքի ու տրամաբանության տեսանկյունից: Այս հեռանկարը կանխելու միակ տարբերակն այն է, որ հայաստանյան բոլոր քաղաքական ուժերը` թե իշխանությունը, թե ընդդիմությունը, հրաժարվեն ընտրություններում արտաքին ուժերի թեկնածու և մրցակիցների նկատմամբ արտաքին ուժերի դագանակ դառնալու արատավոր պատրաստակամությունից:

Բայց դրա հավանականությունն այնքան է, որքան այն, որ Վլադիմիր Պուտինը կհրաժարվի Եվրասիական միության և դրանում Հայաստանը տեսնելու մտասևեռումից:

 

 

Տեսանյութեր

Լրահոս