«Ես հա՛յ եմ, հա՛յ»․ ՌԴ-ում ադրբեջանցուն սպանած Արման Առաքելյանի գործով դատական նիստը հետաձգվեց
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նախատեսված էր Ռուսաստանի Դաշնությունում ադրբեջանցուն սպանած Արման Առաքելյանի գործով դատական նիստ, սակայն նրա փաստաբան Գարիկ Գալիկյանի միջնորդությամբ այն հետաձգվեց․
«Երբ միրջնորդությունը ներկայացրել էին դատարան, որ պատիժը ճանաչեն Հայաստանի Հանրապետությունում, կից փաստաթղթերը մեզ չէր տրամադրվել։ Բացի այդ, մենք ներգրավման խնդիր ունենք, և անպատրաստ մտնել դատական պրոցես՝ ճիշտ չէի համարում։ Ինձ հետաքրքիր էր, թե կոնկրետ գործում միջնորդությանը կից ի՞նչ փաստեր է ներկայացվել, ի՞նչ բովանդակությամբ, որպեսզի ըստ այդմ նոր կարողանանք դիրքորոշում հայտնենք միջնորդության վերաբերյալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Առաքելյանի փաստաբանը։
Հարցին՝ Արման Առաքելյանը կարդարացվի՞, թե՞ ոչ, քանի որ հանրային պահանջ կա, Գալիկյանը պատասխանեց․
«Մարդկային առումով, որպես ՀՀ քաղաքացի՝ ես համակարծիք եմ բոլորիդ հետ միանշանակ։ Իրավական առումով՝ Արման Առաքելյանի նկատմամբ արդեն կա կայացված դատավճիռ՝ օրինական ուժ ստացած, ուստի արարքի վերաբերյալ դատարանը չի քննարկելու իր մեղքը, ինքը մեղավո՞ր է այդ արարքի մեջ, թե՞ անմեղ, այդ հարցը չի քննարկվելու։ Հիմա դատարան ներկայացված միջնորդությամբ Արդարադատության նախարարությունը պահանջում է, դա օրենքի պահանջն է, որ այնտեղ՝ Ռուսաստանում, կայացված դատավճիռը պետք է ճանաչվի ՀՀ-ում, որովհետև միայն դրա հիմքով կարող է անձը կա՛մ պատիժ կրի, կա՛մ ազատ արձակվի, կա՛մ ներում շնորհեն նրան»,- պարզաբանեց Գալիկյանը։
Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ համապատասխան միջնորդություն պետք է պատրաստեն և ուղարկեն Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն․
«Որոշակի հանգամանքներ կան, որ մեզ պետք է իրենք պատասխանը տան։ Այսինքն՝ կարծում եմ՝ դա միգուցե մեր Արդարադատության նախարարությունը պետք է աներ, չի արել․․․ Չեմ ուզում անդրադառնամ, չեմ ուզում որևէ մեկի արարքին գնահատական տամ․․․»։
Նիստերի դահլիճից հեռանալիս, դիմելով դատավարությանը ներկա գտնվող հարազատներին ու ընկերներին, Արման Առաքելյանն ասաց․
«Ես հայ եմ, հա՛յ։ Հայաստանն առանց թուրքերի»։
Դատական նիստը հետաձգվեց, այն տեղի կունենա մայիսի 12-ին, ժամը 16։00-ին։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում 2015 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանցուն սպանելու համար 18 տարվա ազատազրկման դատապարտված Արման Առաքելյանը 6 տարի պատիժը կրում էր Մուրմանսկի բանտում։ Նա ադրբեջանցուն սպանել է, երբ վերջինն Առաքելյանին պատկանող սրճարանում հայհոյանքներ է հնչեցրել հայերի հասցեին և կոտրել պատից կախված հայ ազգի հերոսների նկարները։
Տեղեկացնենք նաև, որ Արման Առաքելյանը Հայաստան է տեղափոխվել 2021 թվականի մարտի 13-ին և պատիժը շարունակում է կրել հայրենիքում։