Մխիթար Զաքարյանի ձերբակալության դեմ բերված բողոքի քննությունը նշանակված է վաղը՝ 18:30-ին

Այսօր Երևան բերված և ավելի ուշ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու կազմակերպման կասկածանքի շրջանակներում ձերբակալված Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի ձերբակալության իրավաչափության դեմ պաշտպանական կողմի բերված բողոքը մակագրվել է Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դատավոր Մանվել Շահվերդյանին:

Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մխիթար Զաքարյանի պաշտպան Գայանե Պապոյանը:

«Դատարանից նոր ինձ զանգեցին ու ասացին, որ դատավորը նիստը նշանակել է վաղը՝ 18:30-ին, քանի որ քննիչին մինչ այդ հարմար չէ ներկայանալ դատական նիստին: Վերջինս դատարանին հայտնել է, որ ծանրաբեռնված գրաֆիկով են աշխատում, ուստի մինչ նշված ժամկետը ապահովել ներկայություն: Մինչդեռ նախ ՔԿ բոլոր քննիչներն այս գործով քննչական խմբի կազմի մեջ են գտնվում, և բացի այդ՝ դատավորը պարտավոր է նիստը բացել, այդ մասին էլեկտրոնային տարբերակով նախ ծանուցել քննիչին ու այդ նիստի ընթացքում քննարկել՝ հարգելի՞ է արդյոք քննիչի բերած պատճառաբանությունը: Դատարանը, սակայն, հրաժարվում է դա անել»,- ասաց Գայանե Պապոյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս