Կեպիով ու ակնոցով խորհրդավոր անձը. ո՞վ է կանգնած Շիրակի մարզի հերթական կադրային խառնաշփոթի հետևում

Մինչ Շիրակի մարզում շիրակցի գերեվարված տղաների հարազատները, երկրորդ օրն է՝ արգելափակված են պահում Շիրակի մարզպետարանի մուտքերն ու ելքերը՝ պահանջելով, որ Նիկոլ Փաշինյանը գա ու հստակ ժամկետ ասի տղաների վերադարձի մասին, վերջինս իր իմքայլական դրածոների միջոցով կադրային հարցեր է լուծում մարզում:

Այսպես՝ 168.am-ի տեղեկություններով՝ երեկ աշխատանքից ազատել են ՀՀ կառավարությանն առընթեր Կադաստրի պետական կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար, համակարգում 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող Անահիտ Արևշատյանին: Վերջինս նաև ղեկավարում է Շիրակի մարզի պետական արխիվը:

Այս ազատման հետևում ևս, ինչպես Շիրակի մարզում տեղի ունեցող այլ աղմկոտ ազատումների և անգամ ձերբակալությունների դեպքում, ըստ գյումրեցիների, կանգնած է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Կարեն Սարուխանյանը:

Ըստ Գյումրիում տարածված լուրերի՝ վերջինս պայմանավորվել է Կադաստրի Շիրակի մարզային ստորաբաժանման նախկին ղեկավար Արայիկ Առաքելյանի հետ, որ նրան կվերականգնի իր նախկին պաշտոնում:

Նշենք, որ անցյալ տարվա գարնանն աշխատանքից ազատվելուց հետո, Արայիկ Առաքելյանը կրկին մասնակցում է իր նախկին պաշտոնի համար հայտարարված մրցույթին, սակայն առաջին իսկ փուլում ձախողվում է, սակայն Գյումրիում ասում են, որ Կարեն Սարուխանյանը նրան հորդորել է շատ չտխրել ու սպասել իր հնարավորությանը: Գյումրիում տարածված խոսակցությունների համաձայն՝ այդ խոստումը տրվել է ոչ ընկերական կամ կուսակցական շահերից ելնելով, այլ շատ ավելի շոշափելի շահագրգռության դիմաց:

Ինչևէ, Կարեն Սարուխանյանը կրկին փորձ է կատարում Արայիկ Առաքելյանին նշանակել Կադաստրի պետական կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, սակայն Երևանում՝ կենտրոնական մարմնում այդ նշանակմանը կտրուկ ընդդիմանում են, քանի որ նրա անունը կապվում է կոռուպցիոն սկանդալների հետ:

Պարզվում է, որ բացի մի քանի քրեական գործերով Արայիկ Առաքելյանի անցնելուց, այդ կոռուպցիոն սկանդալների կիզակետում են հայտնվել նաև Արայիկ Առաքելյանի ընտանիքի անդամները:

Մասնավորապես, մամուլը գրել էր, որ Կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման նախկին պետ Արայիկ Առաքելյանի պաշտոնավարման ընթացքում նրա ընտանիքը Շիրակի մարզի գյուղական համայնքներից էժան գնով հողատարածքներ է վարձակալել և ավելի թանկ գնով վերավարձակալության հանձնել այլ իրավաբանական անձանց: Այժմ Առաքելյանի կնոջ՝ Հ. Ալեքսանյանի առնչությամբ քննվում է երկու քրեական գործ: Այս տեղեկությունը Forrights.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տրամադրել են ՀՀ Գլխավոր դատախազությունից:

Գլխավոր Դատախազությունից մասնավորապես մանրամասնել էին, որ 2020 թվականի մայիսի 7-ին ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժնում ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ` այն դեպքի առթիվ, որ Շիրակի մարզի Ցողամարգ համայնքի ղեկավարի կողմից 2006թ. օգոստոսի 9-ին համայնքային սեփականություն հանդիսացող 1.0 հեկտար անշարժ գույքի վարձակալության պայմանագիր է կնքվել Հ. Ալեքսանյանի հետ՝ տարեկան 2 հազար 40  ՀՀ դրամ գումար արժեքով, որից  հետո  այդ հողամասի 0.2  հեկտարը  2006թ. օգոստոսի 22-ին նշված վարձակալը ենթավարձակալության պայմանագրով, տարեկան 480.000 ՀՀ դրամով, հանձնել է հեռահաղորդակցության  օպերատոր  ՓԲ ընկերությանը՝ հեռահաղորդակցության կայան տեղադրելու և շահագործելու համար:

Ինչևէ, տեսնելով, որ Արայիկ Առաքելյանին որևէ կերպ հնարավոր չէ նշանակել նախկին պաշտոնում, Կարեն Սարուխանյանը հիմա էլ նպատակ է դրել այդ պաշտոնում նշանակել իր համար վստահելի մեկ այլ անձի՝ Գոհար Պողոսյանին, ով վերը նշված Արայիկ Առաքելյանի բարեկամն է, աշխատում է Շիրակի մարզային կադաստրի կոմիտեում:

Գոհար Պողոսյանի հետ աշխատող անձինք նշում են, որ վերջինս բավականին խնդրահարույց բնավորություն ունի, կոնֆլիկտային է: Մեզ ասացին՝ երբեմն  անադեկվատ վարքագիծ է դրսևորում, կարող է մարդկանց ուղղակիորեն անձնական վիրավորանքներ հասցնել, և հիմա, փաստորեն, Կարեն Սարուխանյանն ամեն ինչ անում է, որ Կադաստրի պետական կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար նշանակվի հենց այս կինը:

168.am-ին տեղեկացրին, որ այս վերադասավորումների մեջ ներգրավված են նաև Կադաստրի Շիրակի մարզային կառույցի որոշ աշխատակիցներ, որոնց հրահանգված է արդեն նախկին պետ Անահիտ Արևշատյանի դեմ բողոքներ գրել և ամեն ինչ անել, որ նրան ազատել տան նաև մարզի արխիվի պետի պաշտոնից, ուր կրկին ուզում են նշանակել իրենց թեկնածուին:

Թե ո՞վ է թեկնածուն, և ո՞վ է աշխատում այդ ուղղությամբ, այս պահին, գործընկերային սոլիդարությունից ելնելով, չենք հանրայնացնում. ուզում ենք հուսալ, որ այս մասով տեղեկատվությունն ամեն դեպքում ճիշտ չի լինի:

Հիշեցնենք, որ 168.am-ն ավելի վաղ գրել էր, որ իմքայլական Կարեն Սարուխանյանն է լուծում Շիրակի մարզի կադրային հարցերը, և այդ քարտ-բլանշը նրան տվել է Նիկոլ Փաշինյանը:

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ նա իր վերահսկողության տակ է վերցրել նաև մարզի սոցիալական ոլորտի կադրային հարցերի լուծումը:

Հիշեցնենք, որ Գյումրիում մարտի 21-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի Զբաղվածության պետական գործակալության երկարամյա պետ Ամալյա Ադամյանը:

Ամալյա Ադամյանը հայտնի ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող, ամերիկաբնակ Յուրա Մովսիսյանի հարազատ մորաքույրն է: Նրա ամուսինն էլ՝ Անդրանիկ Ադամյանը, երկար տարիներ եղել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզիչը:

Գյումրիում համառ խոսակցություններ էին շրջում, որ Ամալյա Ադամյանի ձերբակալությունը սերտ առնչություն ունի Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ, քանի որ վերջինս ցանկանում է իր հորեղբոր որդուն՝ Արմեն Սարուխանյանին, նշանակել ապրիլի 1-ից օպտիմալացման արդյունքում ձևավորվող նոր կառույցի տնօրեն, որը ներառելու է նաև Զբաղվածության պետական գործակալությունը:

Ավելի ուշ ԱԱԾ-ն մի «զգայացունց» տեսանյութ տեղադրեց Ամալյա Ադամյանի ձերբակալության վերաբերյալ՝ փորձելով հիմնավորել վերջինիս կողմից կաշառք ստանալու փաստը, սակայն հերթական անգամ հայտնվեց ծիծաղելի վիճակում, որովհետև կաշառք ասվածն ընդամենը մի քանի կոնֆետի տուփեր էին և մի քանի շիշ խմիչք:

Ի դեպ, ըստ Գյումրիում տարածված լուրերի՝ Ամալյա Ադամյանի ձերբակալության և Գյումրիի ԱԱԾ բաժանմունք տեղափոխելու ժամանակ այնտեղ տեսել են մի անձի, ով եղել է կեպիով ու ակնոցով, և այդ անձը եղել է ոչ ավել, ոչ պակաս, Կարեն Սարուխանյանը: Ականատեսները, ի դեմս այդ անձի, ճանաչել են իմքայլական պատգամավորին:

Գյումրեցիները պատմում են, որ Կարեն Սարուխանյանի՝ պատմաբանի դիպլոմով հորեղբոր որդին՝ Արմեն Սարուխանյանը, ում ուզում են նշանակել նորացվող սոցիալական ծառայության տնօրեն, երկար տարիներ աշխատել է նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի մոտ, ինչպես մարզում են ասում՝ որպես «շարքային տասովշիկ ու ընտրությունների ժամանակ փող բաժանող»:

Նկատենք, որ երկու օր շարունակ ապարդյուն փորձեր ենք կատարում՝ կապ հաստատելու ԱԱԾ լրատվական կենտրոնի հետ՝ այս գործի ընթացքից տեղեկանալու համար:

Հիմա էլ, փաստորեն, Կարեն Սարուխանյանը ձեռնամուխ է եղել մարզի կադաստրի ու արխիվի ղեկավար պաշտոններն իրենով անելու գործին:

Տեսանյութեր

Լրահոս