ԲՀԿ-ի փոխանցիկ տրակտորները. մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ԲՀԿ-ն հանդիսավոր արարողությամբ տրակտորներ բաժանեց գյուղական համայնքներին՝ այդպիսով փորձ անելով փրկել Տիգրան Սարգսյանի ձեռամբ կործանված գյուղը: ԲՀԿ-ի բարեգործության կարիքն իհարկե օդ ու ջրի պես ունի ՀՀԿ-ի երեսից տուժած գյուղացին: Սակայն եթե այն ցուցադրական բնույթ չկրի, այլ իրոք գյուղացուն տրվի:
Նախընտրական տրակտորներ էին նվիրվել Ուրցաձոր, Սուրենավան, Լուսառատ, Դավալու գյուղերին: Վերջին ամսվա ընթացքում այս գյուղերում ակտիվորեն խոսվում է, որ բարեգործական կազմակերպություն ԲՀԿ-ն իր նվիրած տրակտորները ետ է տարել:
Ըստ խոսակցությունների, փոխանցիկ տրակտորներն օրեր անց տեղափոխվել են Գյումրի` Բալասանյանին «աջակցելու»: Ընդ որում, եթե մի քանի գյուղերում մեկը կամ երկուսը թողել են, ապա Ուրցաձորում երկուսն էլ ետ են տարել: Սա չի հերքել նաեւ գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանը: Նա նախ հայտնել է, թե ինքը տրակտոր չի տեսել. «Ես ոչ դրանից տեղյակ եմ, ոչ էլ դրանից խաբար եմ»: Ապա վրդովված հավելել է. «Բերել են, ցուցադրել են, վերցրել-տարել: Երկուսն էին բերել, ընտրությունները պրծել ա, վերցրել-տարել են: Ինչի՞ս ա պետք, նախ, էդ տրակտորները մեզ պետք չեն, որ տալիս են, թող համայնքին տան, ոչ թե մեկին տան: Երբ որ գալիս է էդ պահերը, նոր հիշում են: Պետք չի»: Մեր հարցին, թե ուր են տարել տրակտորները, ասել է, թե տեղյակ չէ»: