«Չեմ կարծում, որ դիրքորոշման փոփոխություն է եղել». Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը՝ Արամ Ա-ի՝ Փաշինյանին շնորհավորական ուղերձ հղելու մասին

Երեկ Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալները նշում էին Հիսուս Քրիստոսի հարության՝ Սուրբ Զատկի տոնը: Նախորդող օրը, սակայն, այնքան էլ տոնական չէր, խանութներում ձու չկար, իսկ եթե գտնում էիր, ձեռք բերելու համար «կռվով» պիտի անցնեիր: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ չպետք է նման իրավիճակ լիներ:

«Չպետք է այդպիսի իրավիճակ լինի, որ այդպիսի հերթեր գոյանան, այդպիսի պահանջարկ ձևավորվի սակավության պատճառով, պետք է նախապես պլանավորված լիներ այդ պահանջարկը բավարարելը: Իսկ եթե նման իրավիճակներ լինում են, իհարկե, որոշակի մշակութային, որոշակի վարվեցողության, էթիկետի հետ կապված խնդիրներ պետք է կարգավորվեն, որ զերծ լինենք այնպիսի դրսևորումներից, ինչպիսիք տեսանք՝ հերթեր, քաշքշուկ, հրմշտոց, կարծում եմ, որ անելիքներ բոլորս ունենք»,- ասաց նա:

Անդրադառնալով Զատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքային օր հռչակելու Կառավարության որոշմանը՝ Խաչատրյանը շեշտեց, որ սա արհեստական խոչընդոտ էր մարդկանց համար:

«Մեռելոցների հետ կապված խնդիրը բավական երկար ժամանակ քննարկվում էր, նախորդ Կառավարության շրջանում էլ: Մեռելոցների համար օրենքով նախատեսված դրույթ կար, որ Կառավարությունը կարող է որոշում կայացնել՝ տաղավար 5 տոներին հաջորդող մեռելոցը ոչ աշխատանքային հռչակել: Տարբեր տեսակի քննարկումների արդյունքում որոշակի փոփոխություններ եղան, զեղչեցին որոշները, որոշները պահպանեցին: Անկեղծ ասած, այդ քննարկումներն ինձ համար միշտ անհասկանալի են եղել: Եթե մեռելոցին ընդհանուր զգացում կա, որ մարդիկ ցանկանում են այցելել գերեզմաններ, թող այցելեն, ի՞նչ անհրաժեշտություն կա արհեստականորեն խոչընդոտել, հատկապես այս օրերին: Եթե աշխատանքային օր է  սահմանվում, և մարդիկ ստիպված իրենց աշխատանքը չկորցնելու համար պետք է պարտադրված աշխատանքի գնան, կարծում եմ, որ խոչընդոտում է որոշ չափով: Ընդհանրապես եմ ասում, բայց առավելաբար այս տարի, հատկապես այս պայմաններում, երբ Եռաբլուր այսպիսի մեծ հոսք կա, մեծաթիվ զոհեր ունենք: Պետք էր հաշվի առնել այս հանգամանքը և նման գործելաոճից հրաժարվել»,- ասաց եպիսկոպոսը:

Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը Սուրբ Զատկի առթիվ շնորհավորական ուղերձ էր հղել Նիկոլ Փաշինյանին: Լրագրողի հարցին, թե ի՞նչ է փոխվել, որ մեկ ամիս առաջ Փաշինյանի հրաժարականը պահանջող կաթողիկոսը նրան անձամբ շնորհավորական ուղերձ է հղում, Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյան արձագանքեց.

«Դուք նշեցիք, որ պահանջել է հրաժարականը, Դուք նշեցիք, որ շնորհավորել է, հետևությունները թողնում եմ Ձեզ»:

Լրագրողի ճշտող հարցին, թե հոգևորականների միջև պառակտում կա՞, Խաչատրյանը պատասխանեց.

«Ես կարող եմ ասել, որ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում՝ ի դեմս Ամենայն Հայոց կաթողիկոսի, մեր բարձրաստիճան եկեղեցականներն իրենց դիրքորոշումն արտահայտել են և քանիցս այդ դիրքորոշումը հաստատել են, իսկ Արամ Ա կաթողիկոսի արված վերջին շնորհավորանքի վերաբերյալ՝ ես կարծում եմ, որ ճիշտ կլինի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից պատասխանները ստանալ, չեմ կարծում, որ դիրքորոշման փոփոխություն է եղել, բայց ձեր հարցադրման մեջ արդեն նշեցիք, որ ինքը պահանջել էր հրաժարականը և շնորհավորանք էր ուղղել: Կարծում եմ, որ բացատրություններ կգտնեն տալու»:

Տեսանյութեր

Լրահոս