Ինձ համար անհասկանալի է՝ ինչո՞ւ Սպուտնիկ V չենք բերում, այլ բերում ենք մի բան, որի հետ կապված իրարամերժ կարծիքներն ավելի շատ են. համաճարակաբան
Covid 19-ն աշխարհում շարունակում է պահպանել իր վտանգները, ու թեև արդեն մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը, շարունակում են գրանցվել վարակման հազարավոր նոր դեպքեր:
Հայաստանում մարտի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 424 նոր դեպք։ Ըստ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 3476 է:
ՀՀ առողջապահության նախարարությունը երեկ տեղեկացրեց՝ Հայաստանի Հանրապետություն է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստանյութի՝ «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ: Այն նախատեսված է ռիսկի խմբերի շրջանում, մասնավորապես՝ բուժաշխատողների, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդների, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցների, կամավորության սկզբունքով, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստելու համար:
«COVID-19-ի դեմ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութը ձեռք է բերվել «COVAX FACILITY» նախաձեռնության շրջանակներում: «AstraZeneca» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Այն կիրառելի է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար»,- տեղեկացրել էին նախարարությունից և մեկ պարբերություն էլ ձոնել նրան, թե ինչ մեծ ջանքերի շնորհիվ է այդ պատվաստանյութը հասել մեզ՝ սովորական մահկանացուներիս:
Եվ քանի որ այս հայտարարության մեջ բացառապես խոսվում է վիրուսի արդյունավետության մասին, հարկ համարենք նշել, որ կոնկրետ այս պատվաստանյութի ռիսկերի մասին միջազգային մամուլում կան ամենատարբեր հրապարակումներ։
Օրինակ՝ Դանիայում, Նորվեգիայում, Իսլանդիայում, Իտալիայում և Ավստրիայում և մի քանի այլ երկրներում ամբողջությամբ կամ մասնակի դադարեցրել են AstraZeneca պատվաստանյութերի կիրառությունը, նշվում է պատվաստանյութի ստացմանը հաջորդած մահվան դեպքի, թրոմբների առաջացման մասին:
Համաճարակաբան Արշակ Պապոյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով պատվաստանյութի վերաբերյալ իրարամերժ գնահատականներին՝ ասաց.
«Ընդհանրապես, տարբեր պատվաստանյութերի հետ կապված՝ կան տարբեր կարծիքներ՝ դրանց ռիսկերի և արդյունավետության վերաբերյալ: Այս պահի դրությամբ, ինչքանով ես եմ ուսումնասիրել, լսել տարբեր մասնագետների, ամենաքիչ բացասական արձագանքները եղել են Սպուտնիկ V-ի հետ կապված. դրա համար ինձ համար անհասկանալի է՝ ինչո՞ւ Սպուտնիկ V չենք բերում, այլ բերում ենք մի բան, որի հետ կապված՝ իրարամերժ կարծիքներն ավելի շատ են»:
Հայաստանում ե՞րբ կլինի կոլեկտիվ իմունիտետ՝ մեր հարցին Արշակ Պապոյանը պատասխանեց. «Հայաստանի համար դժվար է ասել, որովհետև դա ասելու համար պետք է լուրջ հետազոտություններ արվեն՝ հասկանալու, թե մարդկանց ո՞ր տոկոսն է արդեն վարակվել և ունի հակամարմիններ:
Խոսքը բնակչության տարբեր խմբերում հակամարմինների վերաբերյալ լայնածավալ ուսումնասիրությունների մասին է»:
Այս համատեքստում՝ նա հիշեցրեց առանց ախտանիշի և թույլ ախտանիշներով դեպքերի մասին՝ նկատելով, որ հակամարմինների հետազոտությունը չափազանց կարևոր է:
«Որպեսզի լուրջ բարիեր ունենաս, տարբեր գնահատականներով համարում են՝ եթե բնակչությունը մինչև 60-70-75 տոկոսն ունենա իմունիտետ՝ կամ հիվանդանալու արդյունքում, կամ՝ պատվաստման, կարելի է ասել, որ կա այդ շերտը:
Դա չի նշանակում, որ դեպքեր ընդհանրապես չեն լինի, ուղղակի այն կդառնա գրիպի նման հիվանդություն, որն ինչ-որ սեզոնների որոշակի բարդացում է տալիս, ոչ թե սրա նման, որ առաջացնի նման հետևանքներ»,- եզրափակեց մասնագետը: