Մոցարտի 265-ամյակին Երևանում կհնչեն կոմպոզիտորի ստեղծագործությունները
Հանրահայտ դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը և «Armenian» լարային քառյակը Մոցարտի ծննդյան 265-ամյակի առթիվ հանդես կգան համերգային ծրագրով, որի շրջանակում կկատարեն կոմպոզիտորի լավագույն ստեղծագործությունները:
Համերգը կանցկացվի մարտի 29-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Սվետլանա Նավասարդյանը համերգային ծրագրերով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում, մասնակցել Փարիզի, Գրանադայի, Էխտեռնախի (Լյուքսեմբուրգ), Վենետիկի միջազգային փառատններին, եղել միջազգային մրցույթների ժյուրիի անդամ: Նվագացանկն ընդգրկում է Յո. Ս. Բախի, Լ. Բեթհովենի, Ռ. Շումանի, Պ. Հինդեմիթի, Դ. Շոստակովիչի, Ա. Խաչատրյանի, Ա. Բաբաջանյանի, Գ. Հովունցի, Տ. Մանսուրյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Նրա կատարումներն աչքի են ընկնում ուրույն մեկնաբանությամբ, մասշտաբայնությամբ, դրամատիկ հագեցվածությամբ: 1977 թվականին երաժիշտն արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր, 1984-ին` ժողովրդական արտիստի կոչման, 1988-ին` ՀՀ պետական մրցանակի: 2003 թվականին պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2010-ին՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց», 2016-ին՝ ՀՀ Պատվո շքանշաններով:
«Armenian» լարային քառյակի կազմում հանդես են գալիս Աստղիկ Վարդանյանը (ջութակ), Ռազմիկ Հովհաննիսյանը (ջութակ), Վահագն Եղիշյանը (ալտ) և Հակոբ Աթյանը (թավջութակ): Այս երիտասարդ երաժիշտները 2018 թվականից միավորվել են քառյակի կազմում՝ նպատակ ունենալով ակտիվ գործունեություն ծավալել կամերային երաժշտության ասպարեզում: Քառյակի առաջնելույթը տեղի է ունեցել բարեգործական համերգաշարով` «Լույս հայի աչքերին» խորագրի ներքո՝ ի աջակցություն «Հայկական ակնաբուժության ծրագիր» բարեգործական հիմնադրամի: Քառյակը հանդես է եկել բազում համերգներով Հայաստանում և արտերկրում: