Անդրանիկ Քոչարյանն ԱԱԾ պետի տեղակալին կոչ է անում կոշտացնել պայքարը  ԶԼՄ-ների դեմ

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի այսօրվա նիստում ընդգրկված էր մեկ հարց՝  ՀՀ կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 242-Ա որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը։ Հարցը քննարկելուց առաջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ տարբեր տելեգրամյան ալիքներից լրատվական կայքերում հայտնվող նորություններին։

«Թերթերում, կայքերում պարբերաբար տարածվում են տեղեկատվություն, տելեգրամյան ալիքներից հիմնականում՝ «դեժավյու»-«բեժավյու», որոնք առնչվում են ազգային անվտանգությանը։ Դա ամեն օր առնչվում է այսօրվա պետական ինստիտուտների, պաշտպանական ոլորտին, առավել ևս՝ պաշտոնատար անձանց։ Շատ դեպքերում, երբ դրանց պատասխան չես տալիս, ասում են՝ ճիշտ է»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Այս համատեքստում, իշխանական թևի պատգամավորը հատկապես ընդգծեց 168.am-ին, որն անդրադարձել էր ռազմական գնումներին, նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամին, որից փոխանցվող գումարները ՊՆ-ին չեն հասել։

«Երեկ ազգային անվտանգության ծառայության տնօրենին խնդրել եմ, որպեսզի անմիջապես քրեական գործեր հարուցվեն, եթե այդ ամենը ճիշտ է, ապա անկախ նրանից՝ իշխանության մե՞ջ է, թե՞ ոչ… նաև ինձ առնչվող բաներ են եղել։ Վերջերս նաև ցանկ էր հրապարակվել, թե «Իմ քայլի» պատգամավորներն աստղաբաշխական տներ են առել, այսինքն՝ գնում է վարկաբեկման տոտալ գործընթաց, որը բավականին լավ վճարվում է, սա արդեն վերածվել է ազգային անվտանգության խնդրի»,- շեշտեց Անդրանիկ Քոչարյանը։

ԱԱԾ պետի տեղակալ Տիգրան Հարությունյանն էլ ընդգծեց, որ ԱԱԾ-ն ունի ռեսուրսներ՝ բացահայտելու, թե տվյալ մեդիառեսուրսի հետևում ով է կանգնած կամ ով է հովանավորում։

«Սակայն, կարծում եմ, որ այստեղ հարցն ավելի շատ վերաբերում է քրեական դաշտին, թե արդյո՞ք այդ մեդիառեսուրսը հրապարակում է կատարում, ինքն անցնում է այդ կարմիր գիծը»,- շեշտեց նա։

Լսելով ԱԱԾ պետի տեղակալին, Անդրանիկ Քոչարյանը նրան կոչ արեց այդ ամենի դեմ ավելի կոշտ պայքար մղել:

Տեսանյութեր

Լրահոս