Բաժիններ՝

Ձվի բացթողնման գինը հիմա 60-63 դրամ է, ու թե ճանապարհին ինչքան է թանկանում՝ մենք չենք կարող վերահսկել. Թռչնաբույծների միության նախագահ

ՀՀ վիճակագրական կոմիտեի հաղորդմամբ՝ Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2021թ. փետրվարին հունվարի համեմատ սպառողական գներն աճել են 0.4-1.2%-ով:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է՝ 13.1%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 0.3% գնաճ: Ձվի գինը 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ աճել է 52.5%-ով, իսկ 2021թ. հունվարի համեմատ գրանցվել է 1.4 % գնանկում:

Այս պահին շուկայում հավկիթի գինը տատանվում է 75-90 դրամի սահմաններում: Տնական հավկիթի գինն էլ սուպերմարկետներում 120-140 դրամ է, իսկ փոքր խանութներում՝ 90: Խոսում են նաև հավկիթի հնարավոր դեֆիցիտի մասին:

Թռչնաֆաբրիկաների սեփականատերերն այս ամենը պատճառաբանում են նրանով, որ շուկայում ամեն ինչ թանկացել է:

Սա կապված է դոլարի փոխարժեքի բարձրացման հետ, կերային բոլոր բաղադրիչները ներմուծվում են՝ եգիպտացորեն, գարի, վակցինացման միջոցներ:

Այսինքն, հումքը, նյութերը, որոնք օգտագործվում են թռչնաբուծության մեջ, ամենը ներկրվում է:

Հայաստանի  թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը շտապում է հայտնել՝ ձվի դեֆիցիտ չի լինելու:

«Ձու լինելու է մինչև Սուրբ Զատիկ ու դրանից հետո: Ուղղակի այսօրվա վիճակով ֆիքսված գներ կան, թանկացում չկա: Արդեն 20 օր է՝ ֆիքսված գներով մենք ապահովում ենք, որ Սուրբ Զատիկի ժամանակ էլ թանկացում չլինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Ստեփանյանը:

Հայաստանի  թռչնաբույծների միության նախագահի խոսքով՝ ձվի գինն ուղղակիորեն կախված է շաբաթը մեկ կերի գնի, լոգիստիկ ծախսերի  բարձրացմամբ:

«Պատկերացրեք, արևածաղկի շրոտը, որ բերում էինք Ռուսաստանից՝ մեկ տոննան 290-295 դոլարով, երեկ ստացել ենք 420 դոլարով: Նման թռիչք ոչ մի անգամ չէր եղել: Նույնը՝ եգիպտացորենի դեպքում: Այսպիսի վիճակ է, ոչ ոք գոնե ամսվա ինքնարժեքը չի կարողանում հաշվել: Սեպտեմբերի առաջին տասնօրյակից սկսած՝ գների աճողականը 1 ձվի դեպքում կազմել է 20 տոկոս ու ավելի շատ բարձրացել է նոյեմբերի վերջից: Ձվի բացթողնման գինը հիմա 60-63 դրամ է, ու թե ճանապարհին ինչքան է թանկանում՝ մենք չենք կարող վերահսկել: Մեր ուղարկածին խանութն ավելացնում էր ոչ ավել, քան 5 դրամ: Երեք հոգով մտնում են «Սիթի», ամեն մեկը մեկ արկղ ձու է վերցնում, և գնում կողքի փոքր խանութում վաճառում է 80 դրամով: Ի՞նչը վերահսկես: Ի դեպ, 90 դրամ արժողությամբ ձուն էլ տնական հավկիթի անվան տակ է վաճառվում: Բանջարեղենի բոլոր խանութներում դրված վաճառվում է, իբր տնական է: Եվ հիմա այն խանութները, որոնք ավելի շատ են բարձրացնում գինը, իրենց զգուշացրել ենք, որ, եթե ավելի շատ եք գերշահույթ ուզում ստանալ, քան մենք՝ արտադրողներս, ձեզ հավկիթ չենք տալու, կտանք նրան, ով գինը չի բարձրացնում: Ու խանութներից դժգոհություն է առաջանում, սկսում են մասսայական տարածել, որ ձու չի լինելու, որպեսզի իրենք թանկ գնով հավկիթը վաճառեն»,- մանրամասնեց Սերգեյ Ստեփանյանը:

Նրա փոխանցմամբ՝ քանի որ ցրտերը երկար տևեցին, մասնավոր տնտեսություններում պահվող թռչունը թուխս չնստեց, և հիմա մասնավորի պակասը հանգեցնում է նրան, որ գյուղացին սկսում է խանութից ձու առնել:

Հավելենք, որ դեռևս 2020թ. դեկտեմբերի 28-ին ՏՄՊՊՀ-ն ձվի իրացման ոլորտի 7 խոշոր ընկերությունների նկատմամբ տուգանք է կիրառել հակամրցակցային համաձայնության համար:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ՝ հավի ձվի շրջանառության ոլորտում հակամրցակցային համաձայնություն կնքելու համար «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու», «Վարիանտ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական և «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությունների նկատմամբ կիրառվել է տուգանք ընդհանուր շուրջ 103 մլն դրամի չափով:

Միաժամանակ 2020 թվականի ապրիլի 1-ից մինչև օգոստոսի 27-ն ընկած ժամանակահատվածում նույնպես արձանագրվել են համաձայնեցված գնային քաղաքականության վարքագծի դրսևորումներ՝ ինչպես գնի միաժամանակյա նվազեցման, այնպես էլ՝ բարձրացման մասով։ Ընկերությունների կողմից կատարված գնային փոփոխությունները պայմանավորված չեն եղել ապրանքի ինքնարժեքի փոփոխությամբ կամ այլ տնտեսական գործոններով և/կամ համաչափ չեն եղել ինքնարժեքի փոփոխությանը։

Իրավախախտումը բացասական ազդեցություն է ունեցել «Հավի ձու՝ կճեպով» ապրանքային շուկայում մրցակցային իրավիճակի վրա, ինչպես նաև տուժել են մի շարք փոքր և միջին արտադրության ծավալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտներ, իսկ 9 փոքր ֆերմերային տնտեսություններ դուրս են մնացել շուկայից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս