Կառավարության նիստում առողջապահության թեման հիշում են միայն ժամանակ սպանելու, իսկ համավարակը՝ հասարակության նկատմամբ կիրառվող զսպաշապիկ և հերթական ստերի թեմա օգտագործելու համար. Կարեն Ավագյան
ՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ կառավարության նիստում առողջապահության թեման հիշում են միայն ժամանակ սպանելու, իսկ համավարակը՝ հասարակության նկատմամբ կիրառվող զսպաշապիկ և հերթական ստերի թեմա օգտագործելու համար:
«Գրեթե մեկ տարի է մեր պետությունն առողջապահության ոլորտում իր առաքելությունը տեսնում է միայն մեկ խիստ «կարևոր» հարցի քննարկման մեջ: Այն է՝ դիմակ կրել, թե չկրել:
Աշխարհն արդեն դուրս է եկել տեսական քննարկումների դաշտից և անցել պրակտիկ մեխանիզմների կիրառմանը: Տարբեր երկրներ ունեն իրենց համար մշակված գործիքակազմեր: Դրանցից որոշներն արդյունավետ են, մնացածն առավել նվազ արդյունավետ: Բայց դրանք կան, պարբերաբար փորձարկվում են և փոփոխվում: Իսկ մենք դեռ քննարկում ենք՝ տուգանել դիմակ չկրելու համար թե՝ ոչ:
Առողջապահության ոլորտում և հատկապես համավարակի ընթացքում պետության ֆունկցիան ամենևին էլ դիմակի տուգանք հավաքելը չպետք է լինի: Ոլորտի մեր պատասխանատուների այսպիսի մոտեցման պատճառով ՀՀ-ում մահացել է գրեթե նույնքան մարդ, որքան 44 օրյա պատերազմի ընթացքում: Սրանք մի պատերազմի չափ մարդ էլ «սպանել» էլ համավարակի հետ պասիվ պատերազմում: Ու դեռ շարունակում են նույն գործելաոճը:
Ցավոք, համավարակն անցյալում չէ, ինչպես նաև մեր երկրում ստեղծված առողջապահական ծանր վիճակն ու պատկան մարմինների անտարբերությունը:
Առողջապահությունը վերածվել է միայն քաղաքական զրույցի թեմայի։ Նույնիսկ այդ զրույցի ընթացքում ի սպառ բացակայում է մասնագիտական կարծիքը։ Անընդհատ ծամելով համավարակի թեման` իբր թե պահելով ուշադրության կենտրոնում, դրանով փորձ անելով ծածկել քաղաքական սնանկությունը։
Արդյունքում՝ ոչ քաղաքականություն, ոչ առողջապահություն»,- գրել է Ավագյանը։