«Դըմփ-դըմփ-հու» բղավող Հունան Պողոսյանը միանում է Փաշինյանի հեռացման պահանջին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «2020 թվականի նոյեմբերի 30-ին Սյունիքի մարզպետի պաշտո­նից հրաժարական տված Հունան Պողոսյանին երեկ հանդի­պեցինք Տերյան փողոցում՝ դեպի Ազատության հրապարակ քայլելիս: Գնում Էր մասնակցելու ընդդիմության հավաքին՝ Նիկոլ Փաշինյանի հրա­ժարականի պահանջով:

Հիշեցնենք, որ Հունան Պողոսյանը ժամանակին մասնակցում էր Նիկոլ Փաշինյա­նի հանրահավաքներին և անգամ «դըմփ-դըմփ-հու» էր բղավում: Նրան հարցրինք՝ ինչ կարծիքի է ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Ես հանրային համերաշխության կոչ եմ անում, և ձախողված մարդիկ պետք է գնան»,- ասաց Պողոսյանը:

– Նիկոլ Փաշինյանը ձախողվա՞ծ է:

– Ես չեմ կարծում՝ որևէ մեկը կա, որ մտածում է՝ մեր կառավարությունը չի ձախողվել:

– Դուք ինչո՞ւ հրաժարական տվե­ցիք մարզպետի պաշտոնից:

– Ես դրա մասին խոսել եմ, հրա­ժարական տվեցի նախ որպես գենե­րալ, հետո արդեն՝ որպես պաշտոնյա, որովհետև հայրենիքի սահմաններն ինձ մոտ մետրերով կամ սանտի­մետրերով չեն չափվում: Ես գիտեմ՝ ինչ է հայրենիքը, ժամանակին ինքս մասնակցել եմ հայրենիքի պաշտպա­նությանը, սահմանների պաշտպա­նությանը, քիչ թե շատ արած ունեմ մեր երկրի համար և ցավով տեսա այն ամենը, ինչ կատարվեց:

-Դուք տեսաք այսօր զինվորա­կանների, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տարածած հայտարարու­թյունը, միանո՞ւմ եք այդ հայտարա­րությանը՝ որպես գեներալ:

-Իհարկե՝ միանում եմ, ավելին ասեմ՝ ոչ թե միանում եմ, այլ ցանկա­ցած նման ողջամիտ հայտարա­րություն, երկրի ներկայով ու ապա­գայով մտահոգ մարդկանց կարծի­քը կոնկրետ մտահոգություն է: Էդ տեքստի մեջ, որը շատ հակիրճ էր, մեծ խորություն կար երկրի ապագայով մտահոգ մարդկանց կողմից:

-Նիկոլ Փաշինյանը ԶՈւ գլխավոր շտաբի պետի հայտարարությանն արձագանքել է՝ ասելով, որ սա ռազմական հեղաշրջման փորձ է:

-Իրավական գնահատականներ չեմ ուզում տալ, կարող եք հարցնել ամենասկսնակ իրավաբանից, վերջացնել ամենալուրջ իրավաբա­նով, կտեսնեք՝ բոլորի պատասխանը նույնն է:

-Իսկ ինչպե՞ս եք պատկե­րացնում լուծումը, երբ մի կողմում Նիկոլ Փաշինյանի աջակիցներն են, մյուս կողմում՝ նրա հրաժարականը պահանջողները:

-Գիտե՞ք ինչ, խիստ պայմանա­կան է «աջակից» ասել, և էստեղ մաթեմատիկական հաշվարկ պետք չէ անել՝ քանի հոգի են այստեղ, քա­նի հոգի՝ այնտեղ: Նորից եմ ասում՝ հանրային համերաշխության կոչ եմ անում՝ թողնել ամեն ինչ և երկիր կառուցել:

-Բայց նա չի ուզում թողնել ու փորձում է ցույց տալ, որ ինքը վա­յելում է ժողովրդի աջակցությունը:

-Ինքը և իր խիղճը: Ես այլ բան չունեմ ասելու»:

Տեսանյութեր

Լրահոս