Վազգեն Մանուկյանի կոչը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին

«Իմ քայլը» խմբակցության հարգելի՛ պատգամավորներ,

Ձեզ եմ դիմում՝ իբրև Հայաստանի ու հայ ժողովրդի նորագույն պատմության քաղաքական գործընթացների անմիջական մասնակից, գործիչ, ով կանգնած է եղել անկախ պետականության կերտման, Արցախյան ազատամարտի հաղթանակի ակունքներում:

Ձեզ դիմելու նպատակը մեկն է՝ ներկայացնել պահի լրջությունը և այն հետևանքները, որոնք կարող են կործանարար լինել մեր պետության ու ժողովրդի համար:

Վերջին պատերազմը, որի խայտառակ հանգուցալուծումը եղավ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունն ու մինչ օրս շարունակվող գործընթացները, նոր տագնապալի իրավիճակ են ստեղծում երկրում և նրա շուրջ: Ավելին, մենք այժմ կանգնած ենք ինքնիշխանության էական նվազման և տարածաշրջանում անպաշտպան և երրորդական մի պետության վերածվելու իրական վտանգի առաջ:

Ես հասկանում եմ այն ոգևորությունը, որով դուք ստանձնեցիք իշխանության պատասխանատվությունը՝ համոզված լինելով, որ Փաշինյանի առաջնորդությամբ կերտելու եք նոր երկիր, որտեղ կգերակայեն օրենքն ու արդարությունը, երկիր, որը կլինի ժամանակակից, զարգացած ու հզոր՝ դառնալով ողջ հայության հպարտության ու արժանապատվության կենսակայանը:

Ցավոք, եղավ ճիշտ հակառակը:

Այսօր իրողությունն այն է, որ ոչ միայն մեր երկիրը, այլև դուք, միգուցե և ձեր կամքից անկախ, հայտնվել եք ծուղակում: Հանգամանքների բերումով դուք կրում եք այս սարսափելի իրողության պատասխանատվությունը, իրողություն, որին շատերդ աջակից եք, բայց ոչ անմիջական մեղավոր: Երկրին ծառայելու ձեր անկեղծ մղումն ու ոգևորությունը օգտագործել են և ձեզ դավաճանել: Նիկոլ Փաշինյանը, միևնույն է, այս կամ այն ձևով հեռանալու է՝ սև բիծ թողնելով մեր պատմության մեջ: Մի՛ վերցրեք այդ սև բիծը ձեզ վրա:

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ու ողջ հրամանատարական կազմի այսօրվա հայտարարությունը քաղաքական կողմնապահության մասին հայտարարություն չէ, այլ ահազանգ, որ ձեր քաղաքական ուժի ղեկավարի անմիջական գործողությունների հետեւանքով վտանգված է ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը:

Քաղաքական ողջամտությունը պահանջում է այս անգամ անել ձեր կյանքի ամենապատասխանատու քայլը և ձերբազատվել այդ ծանր բեռից՝ դուրս գալով «Իմ քայլը» խմբակցությունից, քանի որ այն այլևս չի ծառայում այն սկզբունքներին ու նպատակներին, որոնց համար դուք միացել եք այդ թիմին: Դա նաև ավագի իրավունքով իմ հորդորն է ձեզ: Առավել ևս, որ ձեր դերն ու կշիռը՝ որպես անհատներ, ամեն պատեհ առիթով ստորադասվում է մեկ հոգու իշխանությանը և ի ցույց դրվում, թե դուք ոչինչ եք առանց այդ մեկ հոգու:

Դո՛ւրս եկեք խմբակցությունից և գործե՛ք իբրև անկախ պատգամավոր: Ստանձնե՛ք ձեր բաժին անհատական քաղաքական պատասխանատվությունը հանուն մեր երկրի և ժողովրդի վաղվա օրվա:
Կարևոր է, որ դուք որոշում կայացնեք ոչ թե հանրային ճնշման տակ, այլ ողջ խորությամբ գիտակցելով պահի լրջությունը:

Հ.Գ. Պատրաստ եմ հանդիպել ձեզ հետ ցանկացած ձևաչափով և առավել խորությամբ ձեզ հետ միասին քննարկել ստեղծված իրավիճակն ու Հայաստանի ապագայի հետ կապված բոլոր հարցերը:

Վազգեն Մանուկյան
25.02.2021թ.

Տեսանյութեր

Լրահոս