«Սա ԳՇ-ի կողմից հեղաշրջում չէ. բանակը միացել է իր ժողովրդին». Սեյրան Օհանյան
Մեր նպատակները մեկն են, մեր նպատակները մեծ են, ռազմավարական են, և մենք քայլ առ քայլ մեր ճանապարհին հարթեցնելով ամեն ինչ՝ գնում ենք դեպի հաղթանակ:
Ազատության հրապարակում կազմակերպված «Մենք բանակի կողքին ենք» կարգախոսով հավաքի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ այնտեղ, որտեղ ժողովուրդը և բանակը միասնական են, նրանք անպարտելի են:
«Այս պատերազմի ընթացքում որոշ ժամանակահատվածներում բանակը միայնակ էր մնացել: Մեզ բոլորիս համար հասկանալի է, որ այս ամենը՝ մեր երկրում տիրող իրավիճակը, ոչ լիարժեք, անգրագետ կառավարման հետևանք է, որովհետև այս իշխանությունները և ՀՀ կառավարության ղեկին նստած անձնավորությունը կառավարման որևիցե հատկանիշ չունեն»,- շեշտեց նա՝ հավելելով, որ սրա արդյունքում էր, որ բանակը պատերազմի ժամանակ մնաց միայնակ:
Սեյրան Օհանյանը հիշեցրեց, որ պատմությունը ցույց է տվել, որ վտանգի պահին մենք միասնական ենք և հաղթանակների ենք հասել հավաքական կամքի շնորհիվ:
«Պատերազմի ժամանակ այս ապիկար իշխանություններն այդ առանձնահատկությունները լիովին ոչնչացրեցին: Արցախյան առաջին պատերազմի ժամանակ շարժման ղեկավարների մեկ ձայնով ամբողջ ժողովուրդը հավաքվեց, ձևավորեցին բանակ, բանակին թիկունք կանգնեցին: Ընդ որում, այդ ամենի թիկունքում կանգնած էին մտավորականներն ու կամավորականները, և բանակը հաղթանակ տարավ: Այս գործողությունների արդյունքում բանակը մնաց միայնակ:
Տեսեք, Հանրապետության հրապարակում այս ապիկար իշխանության ղեկավարն իր կողքն է հավաքում իր համախոհներին: Ես որևիցե մեկին չեմ մեղադրում, որևիցե մի անձի իրենց տեսակետների և բազմակարծության համար, բայց ինչո՞ւ այդ նույն բանը պատերազմի ժամանակ չարեց Հանրապետության վարչապետը, այսպես կոչված, գերագույն գլխավոր հրամանատարը: Որովհետև դա իրեն պետք չէր: Իրեն բանակը, ժողովուրդը միայն ու միայն պետք է ինքնագովազդով զբաղվելու համար: Եվ ինքն ուզում է ասել, որ ինքնագովազդով կարող է պետություն ղեկավարել»,- ընդգծեց գեներալը՝ պնդելով, որ չի կարող:
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը շարունակեց, Նիկոլ Փաշինյանը հավաքեց մի հոծ բազմություն և միասին գնացին Եռաբլուր, բայց նույնը չարեց պատերազմի օրերին զորահավաքային պլանը չկատարելու պայմաններում:
Սեյրան Օհանյանն անդրադարձավ նաև ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից Տիրան Խաչատրյանին ազատելու որոշմանը՝ նշելով, որ հենց այնպես, առանց պատճառի, միայն կարծիք հայտնելու համար Փաշինյանն ազատել է մեծ ճանապարհ անցած անձնավորությանը:
«Սկզբում Ազգային հերոսի կոչում ենք տալիս, հետո ազատում պաշտոնից»,- շեշտեց նա:
Ինչ վերաբերում է ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությանը, որով պահանջում են Փաշինյանի հրաժարականը, Սեյրան Օհանյանը հայտարարեց՝ սա ԳՇ-ի կողմից հեղաշրջում չէ, այլ բանակը միացել է իր ժողովրդին: