Ուսումնական հաստատության տնօրենը կաշառք է պահանջել
Ոստիկանության Էրեբունու բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության և Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանի պետական հանրակրթական ուսումնական հաստատության պաշտոնատար անձ հանդիսացող տնօրենը, իր լիազորությունների շրջանակում կաշառք տվող անձի օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ սահմանված նորմատիվ ակտերի խախտմամբ ՌԴ-ից Հայաստան մշտական բնակության վերադարձած և, ըստ նախնական պայմանավորվածության, 2019 թվականին ռուսերեն ուսուցմամբ 4-րդ դասարան ընդունված, Հայաստանի քաղաքացի հանդիսացող աշակերտին, արդեն 2020 թվականին հայերեն ուսուցման 5-րդ դասարան չտեղափոխելու համար, 2020 թվականի օգոստոսին նույն աշակերտի համադասարանցու ծնողի միջոցով որպես կաշառք պահանջել է զգալի չափերի՝ 300 ԱՄՆ դոլար։
Այնուհետև 2021 թվականի փետրվարի 16-ին ուսումնական հաստատության տնօրենը կաշառք տված ծնողին իր աշխատասենյակ հրավիրելով և հայտնելով, որ 300 դոլարից իրեն փոխանցվել է ընդամենը 100-ը, պահանջել է 200 դոլար։ Իսկ երկու օր անց՝ փետրվարի 18-ին, իր աշխատասենյակում հրաժարվել է վերցնել պահանջած 200 դոլարը՝ պատճառաբանելով, որ մյուս ծնողն արդեն իսկ կարգավորել է խնդիրը։ Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի շրջանակներում՝ նույն օրը ուսումնական հաստատության տնօրենի աշխատասենյակում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ապացուցողական նշանակություն ունեցող փաստաթղթեր, ընդհանուր 5300 դոլար և 165 հազար դրամ անհայտ ծագման գումար, տարբեր տրամաչափի փամփուշտներ և այլն։
Տնօրենը բերման է ենթարկվել ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչություն, որտեղ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։