Փաշինյանը սիրում է արյուն, գնալու է բախման. խորհրդարանի ընդդիմությունն իրավունք չունի խաղեր տալու. Մարգարիտ Եսայան

«Հայրենիքի փրկության շարժումը» վաղը՝ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում անցկացնելու է մեծ հանրահավաք, որի նպատակը մեկն է՝ հասնել Արցախի կապիտուլյացիայի ակտը ստորագրած Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։

Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը հավաստիացնում է՝ թեև բանը չպետք է հասներ հանրահավաքին, և ներկայացված փաստերը Գլխավոր դատախազը պետք է «վերցներ ու Փաշինյանին ձեռնաշղթաներով  հեռացներ» Կառավարության շենքից, սակայն, միևնույն է՝ անգամ դա չանելու դեպքում էլ՝ աներկբա է՝ Փաշինյանը հեռանալու է։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի ու դրանից բխող արձագանքների ու հաջորդող զարգացումների  մասին, Մարգարիտ Եսայանն ասաց․

«Հանրապետության Երրորդ նախագահը ներկայացրեց փաստեր։ Գլխավոր դատախազը, եթե չլիներ վարչապետի կրունկի տակ ու նրա քմահաճույքով չվնգստար, հիմա պետք է սանկցիա կիրառեր, ինչը, սակայն, չարեց»։

Նա հույս հայտնեց, որ 600 դոլարով մեկ անձից զրահաբաճկոնների գնման բացահայտումից հետո Գլխավոր դատախազության կողմից նախաձեռնված ուսումնասիրությունը չի արժանանա նախորդ ուսումնասիրությունների ճակատագրին. կլինի դրան հաջորդող գործընթաց։

«Թեև չեմ զարմանա, եթե տարօրինակ եզրահանգում ունենա այդ ուսումնասիրությունը, որովհետև այսօր իշխանությունը զբաղված է վախի մթնոլորտ տարածելով, իսկ դատաիրավական համակարգն անգործության է մատնված և  սպասում է վարչապետի կողմից հրահանգի, որն էլ պետք է կատարի»,- ասաց Եսայանը՝ այդ հրահանգի համատեքստում դիտարկելով Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սարգսյանին առաջադրված մեղադրանքները։

Նախկին պատգամավորը պնդեց՝ իշխանությունը գնում է նման քայլերի, քանի որ արդեն միակ միջոցը հանրության շրջանում նման մեթոդներով վախի մթնոլորտը պահելն է, որովհետև իր մաշկի վրա է զգում՝ հողը ոտքերի տակից փախչում է։

Մարգարիտ Եսայանը նաև վստահեցրեց, որ դա էլ չի օգնելու երկարաձգել կառավարող ուժի իշխանությունը, քանի որ նրանք անցել են սահմանագիծը։

«Իհարկե, նա՝ Փաշինյանը, ինքնակամ չի հեռանալու, բայց նրան հասցնելու են այն վիճակին, որ կանգնի դատարանի առաջ։ Փաշինյանին պետք է խեղդի այդ 5000 զոհի արյունը, իսկ Շիրակի մարզի այն խեղճ մարդկանց հետ կատարվածի համար, երբ տեքստեր էին տվել ու կանգնեցրել նրանց Փաշինյանի առաջ, ներում չի լինելու Փաշինյանին»,- ասաց Եսայանը։

Խոսելով ընդդիմության անելիքների մասին՝ Մ․ Եսայանը նշեց՝ պետք է ընդդիմությունը լինի միասնական, բայց, ցավոք, նկատելի են որոշակի խժդժություններ նույն ընդդիմության շարքերում, ավելին՝ նկատելի են անգամ միմյանց դեմ աշխատելու նշույլներ։

«Օրինակ, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը թելում է Նիկոլ Փաշինյանի ասեղը, Էդմոն Մարուքյանն էլ անում է այն, ինչ ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին։ Հարց եմ տալիս՝ դուք պատկերացնո՞ւմ եք Էդմոն Մարուքյանին վարչապետ, դա նույնն է, որ Փաշինյանը մնա վարչապետ, չէ՞ որ նրա բոլոր քայլերն արդարացրել են Նիկոլ Փաշինյանի քայլերը։ Ես շատ ընդդիմություններ եմ տեսել, շատ ընդդիմադիր խաղեր ու խաղիկներ՝ ևս, և այս ամենն ինձ իրավունք եմ վերապահում ասելու։ Բացի այս, այսօր արտախորհրդարանական ընդդիմության մեջ էլ կան ուժեր, որոնք իրավիճակային գործողությունների են դիմում, բայց չէ՞ որ ցանկացած գործողություն, որը նպաստում է ընդդիմության քայքայմանը, նույնքան դավաճանական է, որքան Փաշինյանն է դավաճան։ Այսօր անդրկուլիսային գործընթացներ են իրականանում։ Եթե ընդդիմադիրները մի քանի մարդ են ուղարկում հանրահավաքին, բայց կուլիսային պայմանավորվածություն են փորձում ձեռք բերել իշխանության հետ, ապա դրանով նրանք ավելի քան դավաճան են։ Հենց նման բաներն են քանդում  ընդդիմության տունը»,- ասաց  Մարգարիտ Եսայանը։

Շարունակելով խոսել ընդդիմության գործողությունների մասին՝ Մարգարիտ Եսայանը հավելեց, որ, այնուամենայնիվ, ընդդիմությունը պետք է միասնական լինելու անհրաժեշտությունը գիտակցի, իսկ վաղվա հանրահավաքին գործի այնպես, որ որևէ բախում տեղի չունենա, որովհետև ընդդիմության դիմաց կանգնած է մի մարդ, որը գնալու է քաղաքացիական բախումների։

«Նիկոլ Փաշինյանը սիրում է արյուն. նա հիմա էլ կգնա արյան, Նիկոլն ինքնակամ չի գնալու, որովհետև նա չի սիրում այս պետությունը, նա գենետիկական ատելություն ունի հայ ժողովրդի և Արցախի նկատմամբ։ Նա գնալու է բախումների, ուստի  խորհրդարանական ընդդիմությունն իրավունք չունի խաղեր տալու և ծառայամիտ կեցվածք ընդունելու»,- եզրափակեց Եսայանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս