«Այդ թեմայի հետ կապված՝ ես որևէ մեկնաբանություն չունեմ». Լիլիթ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չի մեկնաբանում ԱՄՆ-ում իր դեսպան նշանակվելու վերաբերյալ որևէ հարց։

«Այդ թեմայի հետ կապված՝ ես որևէ մեկնաբանություն չունեմ, բայցի այն, ինչ նախկինում տեղեկացրել եմ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Լիլիթ Մակունցը։

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկին՝ ստեղծելու պարիտետային հանձնաժողով` 44-օրյա պատերազմի հանգամանքները քննելու համար, Լիլիթ Մակունցն ասաց, որ հարցը քննարկել են խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ։

«Քաղաքական մեծամասնությունն իր պատրաստակամությունը հայտնել է ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելուն, նաև ասել ենք, որ նման քայլը ողջունում ենք։ Ինչ վերաբերում է պարիտետային հանձնաժողով ստեղծելուն, ապա ներկա կարգավորումներով Սահմանադրությունը դա թույլ չի տալիս, հետևաբար՝ մենք պարոն Մարուքյանին այլ առաջարկ ենք ներկայացրել։ Ասել ենք, որպեսզի լրացուցիչ բարդություններ չառաջանան, և քանի որ օրենքն արդեն կարգավորումներ ունի, մենք կարող ենք գնալ այդ ճանապարհով։ Նաև առաջարկել ենք՝ իրենց խմբակցության ներկայացուցիչներով հանդիպում ունենան Պետաիրավական հարցերի հանձնաժողովում և քննարկեն իրավաբանների հետ, թե կարո՞ղ ենք լրացուցիչ կարգավորումներով ուժեղացնել քննիչ հանձնաժողովի մանդատը»,- շեշտեց նա։

Նա նաև ընդգծեց, որ այս հարցի հետ կապված հանրային ելույթներից տեղեկացել է, որ ԲՀԿ-ն այլ դիրքորշում ունի, հայտարարելով, որ հանձնաժողով կարող է ստեղծվել միայն այլ իշխանության պարագայում։

Անդրադառնալով հարցին, թե իշխանությունն ինչո՞ւ թավիշը չի վերացնում, քանի որ քաղաքացիները փակում են Նիկոլ Փաշինյանի  ճանապարհը և պահանջում վերացնել թավիշը, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ իր կարծիքով՝ այդ արտահայտությունն առաջին հերթին վերաբերում է դատական համակարգում որոշակի փոփոխությունների։

«Այստեղ քաղաքացիներն ունեն արդարադատություն իրականացնելու պահանջներ։ Միևնույն ժամանակ, պետք է հասկանանք, թե ինչ է նշանակում՝ թավիշ վերացնել, ես հույս եմ հայտնում, որ մեր քաղաքացիները նկատի չունեն օրենքի դաշտից դուրս գալը, և կատարելու քայլեր, որոնք համատեղելի չեն օրենքի և Սահմանադրության հետ»,- ընդգծեց Լիլիթ Մակունցը։

Տեսանյութեր

Լրահոս