Սա լուրջ հարված է խոսքի ազատությանը, ժողովրդավարությանը. Հ2-ի  փոխտնօրենը՝ եթերազրկման որոշման մասին

«Հունվարի 15-ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է կայացրել, համաձայն որի՝ Հայկական երկրորդ հեռուստաալիքը զրկվել է վերգետնյա հեռարձակման իրավունքից: Այստեղ կարևոր է նշել, որ միակ գործող հեռուստաալիքը, որը զրկվել է նման իրավունքից, դա Հ2-ն է: ՀՀ պատմության մեջ աննախադեպ երևույթ է, որ հանրապետական ծածկույթ ունեցող հեռուստաալիքը, որը ազատ, անաչառ է, եթերազրկվում է: Նման բան երբեք տեղի չի ունեցել: Սա լուրջ հարված է խոսքի ազատությանը, ժողովրդավարությանը»,- ասուլիսի ժամանակ ասաց Հ2 հեռուստաալիքի փոխտնօրեն Լևոն Սուլթանյանը:

Նա նաև հավելեց․ «Քանի որ վերջին մի քանի տարիների ընթացքում մեր  ընկերության սեփականատիրոջ՝ Սամվել Մայրապետյանի նկատմամբ իրականացվել է քաղաքական հետապնդում, որը զուգորդվել է նաև մեզ լռեցնելուն ուղղված բազմաթիվ հետևողական քայլերով, մեզ մոտ ընդհանրապես կասկած չկա, որ որոշումն այս տրամաբանության մեջ է տեղավորվում»:

Հեռուստաընկերության փոխտնօրենը նշեց, որ իրենց իրավունքները մինչև վերջ պաշտպանելու են՝ օրենքով սահմանված կարգով:

«Անպայման աշխատելու ենք, որպեսզի այս անարդարությունը վերացվի»,- հավելեց նա:

Լևոն Սուլթանյանն ասաց, որ որոշումը հրապարակելուց հետո ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի մի շարք հարցազրույցներից պարզ է դարձել, որ հանձնաժողովը հաշվի է առել 100-ից ավելի չափանիշ, այնինչ օրենքում ասվում է, որ խոսքը 7 չափորոշչի մասին է:

«Կրկնակի ցավալին այն է, որ դեռևս 2008 թվականին ՄԻԵԴ-ն ունի նախադեպային որոշում, որը վերաբերում է Ա1+-ին: Մատնանշված են ՀՌՀ հանձնաժողովի կոնկրետ սխալները: Այն է՝ իր որոշումը հանձնաժողովը պատշաճ կերպով չի պատճառաբանել և չի հիմնավորել: Փաստորեն ՄԻԵԴ-ի վճռից 13 տարի անց նույն հանձնաժողովն իրեն անտեսում է: Մենք ՀՌՀ նախագահի ելույթներից հիմնավոր կասկած ձեռք բերեցինք, որ մեր նկատմամբ կա կանխակալ վերաբերմունք: Հ2-ը դիմել էր միայն հանրապետական ծածկույթի համար, ներկայացվեց տարբեր ենթադրություններով, թե հավանաբար ինքնավստահ, գոռոզ էինք, որ այդպես արեցինք,  թե սխալ հաշվարկներ ունեինք, այնինչ, պարոն Հակոբյանի հետ մեր հեռուստաընկերության ներկայացուցիչները մի քանի անգամ զրուցել են, և ինքը շատ լավ գիտի, թե ինչու ենք դիմել միայն հանրապետական ծածկույթի համար: Մեկ միտք էլ կար, որ ընդհանրապես չենք ուզում հեռարձակվել և մեր այս քայլով ուզում ենք ինչ-որ թեմա բարդել հանձնաժողովի վրա»,- մանրամասնեց Լևոն Սուլթանյանը՝ ընդգծելով, որ, չգիտես ինչու, հիմա էլ դատարանի վճիռները շատ կասկածելի են որակվում:

«Տիգրան Հակոբյանը կանգնում, ասում է, թե շատ կասկածելի որոշումներ են կայացվել: Իրարից անկախ երկու դատարանի որոշումը միանգամից դարձավ կասկածելի, որովհետև մեր օգտին է»,- նշեց հեռուստաընկերության փոխտնօրենը:

Լևոն Սուլթանյանը շեշտեց, որ Հ2-ը 20 տարուց ավելի է՝ գոյություն ունի և միշտ եղել է հանրապետական ծածկույթ ունեցող հեռուստաալիք:

«Մենք կարծում ենք, որ սա քաղաքական որոշման արդյունք է: Չեմ կարծում, որ հեռուստաընկերության փակելը կամ ինչ-որ ձև խոչընդոտելը կախված պետք է լինի մեկ նյութի կամ մոտեցման հետ:  Իմ կարծիքով՝ հեռուստատեսությունը, որը ազատ է, ու իր վրա ազդեցություն չես կարող ունենալ՝ վտանգ է ներկայացնում: Այսինքն, իր հետ չի լինում պայմանավորվել, ճնշել: Ցանկացած ազատ լրատվամիջոց  մեր երկրում այդ խնդրին բախվում է: Մենք համարում ենք, որ պայքարը պետք է լինի իրավական, միևնույն ժամանակ՝ օրենքով չարգելված բոլոր հնարավորությունները վերապահում ենք մեզ: Կարող է՝ ինչ-որ ժամանակ անց տեսնենք, որ կարելի է անել այլ քայլեր, ու անենք»,- նկատեց հեռուստաընկերության փոխտնօրենը:

Նա հիշեց նաև այն, որ նախքան որոշման հրապարակումը մի քանի աղբյուրներից հարց է հասել, թե կարո՞ղ է՝ ուզում են չհեռարձակվել, դրա համար են միայն հանրապետական ծածկույթի համար դիմել:

«ՀՌՀ բոլոր անդամներին զանգել ու ասել ենք, որ նման տեղեկություններ են պտտվում, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Իրենք մեզ հավաստիացրել են, որ անհեթեթ խոսակցություններ են, միայն մենք չէ, որ դիմել ենք հանրապետական ծածկույթի համար: Հիմա, վերլուծելով փաստերը,  արդեն կասկածում եմ, միգուցե հենց հանձնաժողովն էլ դրանք տարածո՞ւմ էր»,- ասաց Լևոն Սուլթանյանը:

Հեռուստաընկերության փոխտնօրենը նշեց, որ իրենք շարունակում են բնականոն հունով աշխատել, լուրջ կրճատումներ տեղի չեն ունենում: Շարունակում են հեռարձակվել բոլոր խոշոր կաբելային ցանցերում, Youtube-յան ալիքում, Ֆեյսբուքում:

Հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Կարեն Հակոբյանն էլ հավելեց, որ այս պահի դրությամբ եթերացանցը նորմալ գործում է: Մինչև ամառ նորացված եթերացանց կլինի:

Տեսանյութեր

Լրահոս