Նոյեմբերի 9–ի հայտարարությունից առաջ Արցախի շրջաններից նյութական և մշակութային արժեքները չտարահանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է վարույթ․ Արցախի ՔԿ
ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հասարակական կազմակերպությունների նախագահների կողմից 2020թ. դեկտեմբերի 10-ին ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա ԱՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ 2020թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության նախագահների և Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից կնքված հայտարարությունից առաջ՝ Արցախի Հանրապետության վրա զինված հարձակման ընթացքում և համատեղ հայտարարությունից հետո, պահպանվող ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում Արցախի Հանրապետության պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նյութական և մշակութային արժեքները չտարահանելու և այդպիսով պետությանը առանձնապես խոշոր չափի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Քրեական գործի շրջանակներում իրականացվում են դատավարական և քննչական գործողություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով