«Գտնում եմ, որ այսօր Հայաստանում կան մարդիկ, որոնք իրավունք ունեն էմոցիոնալ ֆոնի վրա ինձ դավաճան համարելու». Հովիկ Աղազարյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին չի ցանկանում անվանել նախագահներ, այլ անվանում է երկրի ղեկավարներ։

«Երբ ավարտվեց Սերժ Սարգսյանի՝ երկրի ղեկավարման լիազորությունները, ինքն ընտրվեց վարչապետ, և եղավ ժողովրդի ճնշումը, հենց այդ ժամանակահատվածին է վերաբերում Կարեն Կարապետյանին իշխանությունը փոխանցելու հարցը։ Եթե հետհայացք ենք գցում և դիտարկում այդ օրերի իրողությունները, ապա այդ ժամանակ արդեն ուշ էր։ Բնականաբար, Սերժ Սարգսյանը կամ նրանց թիմը պետք է նախապես որոշած լինեին, որ իշխանությունը, այսպես ասած, փոխանցեին Կարեն Կարապետյանին, նաև չեմ հասկանում, թե ինչ է նշանակում՝ իշխանությունը փոխանցել Կարեն Կարապետյանին, թիմը թիմ է, հիմա թե ո՞վ կլիներ վարչապետ, այլ հարց է։ Եթե Սերժ Սարգսյանն իր մեջ ուժ գտներ և չօգտվեր լծակներից, մյուս բոլոր արտոնություններից, և չառաջադրվեր՝ որպես վարչապետի թեկնածու, այլ վարչապետի թեկնածու առաջադրվեր Կարեն Կարապետյանը, ապա դժվար է ասել, թե հեղափոխությունն ինչ ընթացք կունենար»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հովիկ Աղազարյանը։

Ըստ նրա՝ 2018 թվականի հեղափոխությունը  բաղկացած էր երկու մասից՝ նախ՝ մերժել Սերժ Սարգսյանին, որից հետո՝ ժողովուրդն առաջադրեր իր լիդերին, որին ցանկացավ տեսնել երկրի ղեկավարի պաշտոնում։

«Խաբուսիկ, բայց այդ ժամանակ Կարեն Կարապետյանը դրական իմիջ ուներ, ես գտնում եմ, որ խաբուսիկ, իր գեղեցիկ տեսքով, ժպիտով, բայց փուչ էության մեջ։ Կրկնում եմ, եթե Կարեն Կարապետյանը առաջադրվեր վարչապետ, ես չեմ կարող ասել, թե այդ դեպքում ինչ կլիներ, այդ դեպքում դժվար է ասել՝ Նիկոլ Փաշինյանին ժողովուրդը կտեսնե՞ր՝ որպես երկրի ղեկավար, թե՞ չէ, ես կարծում եմ՝ այո, որովհետև ես կիզակետում էի։ Բայց այդպես չէին կարծում բոլորը, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը, որն ասում է, թե այդ ամենը անսպասելի եղավ, անսպասելի էր, որովհետև իրենք հաշվարկներից բավականին հեռու են»,- հավելեց նա։

168.amի հարցին, որ վերջերս փողոցում քաղաքացիներն իրեն անվանեցին հող հանձնող, դավաճան, նման պայմաններում, երբ չի կարողանում հանգիստ փողոց դուրս գալ, դեռ երկա՞ր է պահելու պատգամավորական մանդատը և մաս կազմելու  ներկայիս քաղաքական թիմին, Հովիկ Աղազարյանը պատասխանեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից հետո, մեկ օր շարունակ փողոց դուրս չի եկել, որից հետո, ինչպես նախկինում, շարունակել է երթևեկել հանրային տրանսպորտով։

«Չորս միջադեպ է եղել, որոնցից երկուսը կարելի է համարել ոչ հաճելի, իսկ մյուս երկուսը՝ նորմալ։ Ես գտնում եմ, որ այսօր Հայաստանում կան մարդիկ, որոնք իրավունք ունեն էմոցիոնալ ֆոնի վրա ինձ դավաճան համարելու, բայց ճնշող մեծամասնությունը դա անում է քաղաքական նպատակներից ելնելով։ Հետևաբար՝ ձեր նշած վերջին հանդիպման ժամանակ ես այդ մարդկանց տվեցի իմ հեռախոսահամարը։

Վերադառնանք Սերժ Սարգսյանի հարցազրույցին, արդյո՞ք նա իրավունք ունի նման գնահատականներ տալու, երբ նայեցի նրա հարցազրույցը, իմ մարմնով սարսուռ անցավ, որ հեղափոխությունից հետո՝ այդ ժամանակահատվածում, Սերժ Սարգսյանն ինչեր կտար՝ միայն ու միայն այդ հարցազրույցը ունենալու, տալու հնարավորության համար։ Դա նա այնքան հաճույքով էր անում, օգտագործում էր կապիտուլյանտ բառը, հայրենիք կորցնելու բառը, ինձ թվում է, որպեսզի ինքն ավելի ոգևորված խոսեր, ինքը պատրաստ էր ավելի լուրջ բաներ տալու, քան եղավ»,- շեշտեց նա։

168.am-ի դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը եղել է Արցախի տարածքները ազատագրողներից մեկը, և որ իրենց՝ ներկա իշխանությունն այդ տարածքները հանձնեց, հետևաբար՝ իրավունք ուներ նման կերպ արտահայտվելու, Հովիկ Աղազարյանը նկատեց, թե Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում ասել է, որ հեղափոխությունն Արցախի ու արցախցիների դեմ էր։

«Ինձ համար դա սահմռկեցուցիչ նախադասություն էր, հետաքրքիր է, ինքն ինչի՞ հիման վրա այդ հայտարարությունն արեց»,- ընդգծեց նա։

 Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս