Բաժիններ՝

Աղքատությունը մոտենում է 50 տոկոսի․ Արմեն Պողոսյան. «Փաստինֆո»

Թանկ վաճառելը հանցավոր երևույթ չէ, պարզապես գնագոյացումը պետք է հայելու պես պարզ լինի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասել է «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը՝ անդրադառնալով երկրում առկա գնաճին։

ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությունից հետո, եթե պարզվի՝ ամեն ինչ նորմալ է, նշանակում է՝ տվյալ տնտեսվարողը մեղք չունի գնաճի հարցում և դիտարկվում են այլ պատճառներ, որոնց թվում կարող է լինել հումքի, ապրանքի ներմուծումը․ «Համաշխարհային գները վերջին շրջանում էապես չեն աճել։ Մեր երկրի անկառավարելի տնտեսական վիճակի հետևանքն է սա»,-նշել է Արմեն Պողոսյանը։

Դիտարկմանը, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել էր՝ եթե ինչ-որ ապրանքի գին բարձրանում է, դա փոխհատուցվում է մեկ ուրիշ ապրանքի գնի նվազմամբ, Արմեն Պողոսյանը նկատել է՝ դա այնքան էլ լուրջ արտահայտություն չէ․ «Կան կենսական անհրաժեշտության ապրանքներ, ի՞նչ փոխարինելու մասին է խոսքը։ Կարելի է ցածր որակի մի բան առնել ու յոլա գնալ, բայց դա չի փոխարինի այն կալորիան, որը պետք է օրգանիզմին տա միսը, հացը, յուղը և մյուսները։ Չեմ ընդունում այդ ոճով ժողովրդին մոտենալը»,-ասել է Արմեն Պողոսյանը։

Ըստ վճարունակության՝ մարդիկ դեցիլների՝ 10 տոկոսանոց խմբերի են բաժանվում։ Մասնագետի խոսքով ամենաշատ ապահովված խավի մոտ միրգ սպառելու ամսական միջին թիվը 7 կգ է, իսկ ամենացածր խավի մոտ՝ 2․5 կգ է․ «Այսինքն` արդեն այդ մարդիկ զրկված են և տուժում են նաև առողջությամբ։ Այդ հարաբերակցությունը մյուս ապրանքների վերաբերյալ էլ կա»,-նշել է Արմեն Պողոսյանը։

Հարցին՝ որքանո՞վ են մարդիկ կարողանում օգտվել սպառողական զամբյուղից, Արմեն Պողոսյանը նշել է՝ իրենց պատկերացմամբ բնակչության 30 տոկոսից ավելին չի կարողանում ապահովել նվազագույն կենսաապահովման հետ կապված հարցերը․ «Մեզ մոտ 30 տոկոս աղքատություն է, դրան գումարած ևս 20 տոկոսը մոտ է աղքատության շեմին։ Եթե ավելի կոնկրետ խոսենք, մեզ մոտ գոյություն ունի մի խավ՝ 10-12 տոկոս, որը ոչ մի խնդիր չունի և գնաճը նրանց վրա չի ազդում։ Մնացածն այս կամ այն չափով լիարժեք բավարարված չեն»,-ամփոփել է Արմեն Պողոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս