Ի՞նչ ծրագրեր փորձեցին իրականացնել անգլիացի զինվորականներն Արցախում

Դեռևս 19-րդ դարից սկսած Մեծ Բրիտանիան ցանկանում էր ամրապնդել իր հակառուսական քաղաքական դիրքերը Բալկաններում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում։ Հենց այդ շրջանում Մեծ Բրիտանիայի դիվանագիտական և քաղաքական տեսադաշտում սկսվեց հայտնվել Արևմտյան Հայաստանը։ Դրանով էր պայմանավորված այն, որ 1878 թվականին Բեռլինի վեհաժողովում անգլիական պատվիրակությունը հայկական հարցն օգտագործեց բացառապես քաղաքական նպատակներով։ Անգլիացիներն այդկերպ ցանկանում էին իրենց դիրքերն ամրապնդել Օսմանյան կայսրությունում, ինչպես նաև հարցն օգտագործել Ռուսաստանի վրա ճնշումներ գործադրելու համար։

Առաջին համաշխարհային պատերազմում գերմանական խմբավորման պարտությունից հետո Անդրկովկասից էվակուացվեցին թուրքական և գերմանական զորքերը։ Այդ զորքերին փոխարինեցին անգլիական զորքերը, որոնք 1918 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին գրավեցին Բաքուն, Բաթումը և Թիֆլիսը։ Այդ նույն շրջանում անգլիական ռազմական նախարարությունում քննարկվում էր Անդրկովկասում իրադրությունը վերահսկելու համար ձեռնարկել քաղաքական և ռազմական միջոցառումներ։ Քննարկման հիմքում Ասիայում բրիտանական շահերը պահպանելու, ամրապնդելու, ինչպես նաև բոլշևիկների առաջ քաշած քաղաքական վտանգներից երկրի շահերը զերծ պահելու ծրագրերն էին։

Առաջին աշխարհամարտից հետո Անդրկովկասում հաստատված անգլիական զինվորական հրամանատարությունը հստակ ընդգծված վերաբերմունք ուներ հատկապես մահմեդականների նկատմամբ։ Մեծ Բրիտանիան փորձում էր դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, և դրանով պայմանավորված՝ նրանց քաղաքականությունը դառնում է ադրբեջանամետ։ Այս ամենի կողքին կար ևս մեկ կարևոր պատճառ. դա Բաքվի նավթն էր, որն անգլիական հետաքրքրությունների կարևոր «պատճառներից» մեկն էր։

1918 թվականի ամռանը, երբ լուծվեց Անդրկովկասի միության հարցը, Կովկասում նորից սկսեցին երևալ թուրքերը։ Թուրք-ադրբեջանական սադրանքների հետևանքով Արցախում համեմատական անդորրը խախտվեց։ Ջեմիլ Ջահիդ բեյի հրամանատարությամբ թուրքական մի բրիգադ Եվլախից ուղղվեց դեպի Շուշի և ճանապարհին ռմբակոծեց և զինաթափեց հայկական գյուղերը։ Սեպտեմբերի 26-ին թուրքերն առանց կռվի մտան Շուշի։ Արցախցիների առաջ ծառացած խնդիրները լուծելու համար նոյեմբերի 16-ին Անդրանիկը շարժվեց դեպի Շուշի.

«Անդրանիկը լսելով ղարաբաղցիների խնդիրը` շտապով պատրաստվեց և նոյեմբերի 16-ին շարժվեց դեպի Շուշի ու հասավ Ավդալլար գյուղը` Շուշիից 40 վերստի վրա» (հատվածը վերցված է Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» գրքից։ Երևան, 1993 թվական, էջ 329):

Անդրանիկի հրամանի համաձայն՝ Դիզակի զինված ուժերի հրամանատար Սոկրատ բեգ Մելիք-Շահնազարյանը պետք է գրավեր Քիրսը, Սաղսաղանի գագաթներն ու Թթու ջուրը, սակայն նա անցնում է Շուշիի մոտ գտնվող Քարին-Տակ գյուղ և հարաբերությունների մեջ է մտնում քաղաքագլուխ Գերասիմ Մելիք-Շահնազարյանի հետ, ով հակառակվել էր Անդրանիկի արշավանքին.

«Մելիք-Շահնազարյանը իր և Սոկրատ բեգի կողմից նամակ ուղարկեց Անդրանիկին և կանգնեցրեց նրա առաջխաղացումը։ Նույն ժամանակ հեռագիր հասավ զոր. Թոմսոնից, որը հրահանգում էր Անդրանիկին դադարեցնել կռիվները։ Դրա վրա Անդրանիկը առավ իր ուժերն ու քաշվեց Զանգեզուրի միջև ընկած Հարար, Սպիտակաշեն և Պետրոսաշեն հայկական գյուղերը` ավելի ևս դժվարացնելով Ղարաբաղի և Զանգեզուրի հարաբերությունները» (նույն գրքում` էջ 329):

Դեկտեմբերի սկզբին Շուշի է հասնում անգլիական զինվորական առաքելությունը։ Գավառի շրջաններից ներկայացուցիչներ են կազմվում, ովքեր փորձում են բանակցել անգլիացիների հետ և հասկանալ Արցախի քաղաքական դրության հարցը։ Անգլիացիները հրաժարվում են բանակցել այդ հարցի շուրջ և ընդգծում են, որ կզբաղվեն այդ հարցով՝ միայն այն դեպքում, երբ կարդագրություն ստանան գեներալ Թոմսոնից։ Սակայն անգլիացիները փորձում էին համոզել, որպեսզի հայերն ընդունեն Ադրբեջանի իշխանությունը։ Այս առիթով Սիմոն Վրացյանն իր գրքում մասնավորապես գրում է.

«Անգլիացիների համար Ղարաբաղի, ինչպես նաև Զանգեզուրի ճակատագիրը որոշված էր. նրանք վճռել էին այդ հողամասերը միացնել Ազրբեջանին։ 1919 թվականի հունվարի 15-ին, Ազրբեջանի զոր. Թոմսոնի հավանությամբ, Ղարաբաղ-Զանգեզուրի ընդհանուր նահանգապետ նշանակեց դր. Խոսրով բեգ Սուլթանովին, որը հայերի աչքին հայատյացի և ջարդարարի համբավ էր վայելում» (նույն գրքում` էջ 330)։

Փետրվարի վերջին Շուշի է գալիս անգլիական նոր ներկայացուցչություն` մայոր Մաք Մեզենի գլխավորությամբ։ Մեզենի հետ գալիս են նաև 400 զինվորներ։ Անգլիացիների բոլոր ջանքերն ապարդյուն են անցնում, քանի որ արցախցիները չեն ընդունում Սուլթանովի իշխանությունը։ Հետագայում անգլիացիները փորձում են համոզել, որպեսզի Արցախն ու Զանգեզուրը ենթարկվեն Ադրբեջանին, սակայն բոլոր ջանքերն ապարդյուն են անցնում։

Անգլիացիները Բաքվի անգլիական զորքերի հրամանատար Շատելվորտի միջոցով փորձում էին արցախցիներին պարտադրել Ադրբեջանի իշխանությունը։ Սակայն նրա մոտ ևս չստացվեց, և Շատելվորտը այս ամենից դժգոհ ու զայրացած վերադարձավ Բաքու։ Սուլթանովն անգլիացիների օժանդակությամբ սկսեց պատրաստվել, որպեսզի զենքի ուժով հնազանդեցնի արցախցիներին։ Արդյունքում հունիսի 5-ին անգլիացի զինվորականների աչքի առաջ թուրք-թաթարական ուժերը Շուշիից փոքր հեռու գտնվող հայկական գյուղերից մեկում սպանեցին մոտ 100 մարդու։ Կոտորածներ տեղի ունեցան Արցախի այլ մասերում ևս։ Սուլթանովը կոտորեց 600-ից ավելի կնոջ և երեխաների։

1919 թվականի օգոստոսի 15-ին, Ղարաբաղի Հայոց 7-րդ համագումարի նիստում որոշվեց ընդունել Բաքվում մշակված համաձայնագիրը։ Սուլթանովը նախապես վերջնագիր էր ներկայացրել և սպառնացել, որ համաձայնագիրը չընդունելու դեպքում կդիմի զինվորական ուժի։ Արդյունքում  Արցախը ժամանակավորապես դարձավ Ադրբեջանի մաս։ Արցախը չուներ Հայաստանի հետ հարաբերություն պահպանելու ոչ մի հատված  և հնարավորություն։ Իր գրքում Սիմոն Վրացյանը շատ հետաքրքիր դիտարկում է անում` ընդգծելով, որ Ադրբեջանի համար Արցախի հարցը միայն չէր սահմանափակվում Արցախով.

«Պարզ ու կտրուկ. Ղարաբաղի հարցը միայն Ղարաբաղը Ազրբեջանին կցելու խնդիր չէ, այլև Զանգեզուրն ու Նախիջևանը Ազրբեջանին միացնելու: …Եվ իրոք, Ղարաբաղի հարցը «լուծելուց» հետո, Ազրբեջանը սկսեց տենդագին պատրաստություններ տեսնել Զանգեզուրն էլ «անվնաս դրության մեջ» դնելու համար»։ (Նույն տեղում` էջ 342-343):

Պատմությունը, ինչպես ասում են, կրկնվում է…

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս