Ռոմանոս Պետրոսյանը հետապնդում է Խոսրովի արգելոցի փոխտնօրենին

Ռոմանոս Պետրոսյանի խորհրդականը՝ Հովհաննես Մարտիրոսյանը, որոշ ժամանակ առաջ նախարարի անունից կանչում է իր մոտ, ասում․ «Լավ ձևով դիմումդ գրի գնա, թե չէ՝ ամեն ինչ կանենք, որ դատվես»։ Հարցնում եմ՝ ինչի՞ համար դիմում գրեմ, ասում է՝ նախարարի ցանկությունն է, ինքը Պետրոսյանի անունից է խոսում. 168․am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Վահե Միրզոյանը՝ նշելով, որ իրեն Շրջակա միջավայրի նախարարությունը, ի դեմս Ռոմանոս Պետրոսյանի, հետապնդում է՝ փորձելով անհիմն աշխատանքից ազատել։

«Հետապնդումները, իմ դեմ արշավը սկսվեցին այն բանից հետո, երբ Ռոմանոս Պետրոսյանը դարձավ նախարար։ Ամեն ինչ արեցին՝ ինձ վրա կեղտ գտնելու համար, բայց չգտան։ Ես բարեխիղճ աշխատող եմ, յուրաքանչյուր աշխատակից կվկայի այդ մասին, շուրջ 6 տարի է՝ աշխատում եմ արգելոցում։ Երբ տնօրենի տեղակալի՝ գիտության և պահպանության գծով 2 հաստիքները կրճատվեցին, նշանակվեցի ընդհանուր գծով փոխտնօրեն։ Ռոմանոս Պետրոսյանի գալուց հետո կրկին հաստիքացուցակ փոխվեց, ավելացվեց տնօրենի տեղակալի ևս մեկ հաստիք։ Հիմա ամեն գնով, ինձ համար անհասկանալի պատճառներով՝ նախարարը հետապնդում է ինձ։ Երբևէ քաղաքականության մեջ չեմ եղել, որևէ կուսակցության չեմ հարել, ենթադրում եմ՝ պատճառը հենց սա է»,- ասաց Միրզոյանը։

Վերջինս նշեց՝ իր աշխատանքային գործունեության ընթացքում արգելոցում բազմիցս աուդիտ է իրականացվել և իր մասով որևէ իրավախախտում չի արձանագրվել։ Ըստ նրա՝ վերջին աուդիտն անձամբ Ռոմանոս Պետրոսյանն է ուղարկել։

«Արգելոցի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Բորիս Բաղդասարյանին, ում հենց Ռոմանոս Պետրոսյանն էր նշանակել աշխատանքի, ստիպում էին հեռացնել ինձ արգելոցից։ Անգամ անձամբ Պետրոսյանը եկել է արգելոց և հերթական անգամ բարձրացրել ինձ աշխատանքից ազատելու հարցը։ Տնօրենին ամեն օր ճնշում էին։  Սակայն Բաղդասարյանը, մինչև իր պաշտոնավարման ավարտը, չգնաց այդ քայլին, որովհետև հիմք չուներ»,- մանրամասնեց արգելոցի փոխտնօրենը։

Վերջինիս խոսքով՝ արգելոցի նոր ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ջիլավյանի առաջ ևս այդ պահանջն է դրված՝ ամեն գնով ազատել իրեն աշխատանքից։  Ասում է՝ Ռոմանոս Պետրոսյանի նախարար դառնալուց ի վեր արգելոցի կանոնադրությունը և հաստիքացուցակը քանիցս փոխվել է, ինչի հետևանքով մի շարք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից, նրանց աշխատանքային իրավունքները կոպտորեն խախտվել են և մնացել անհետևանք։

«Այս անօրինական գործողությունները շարունակական բնույթ են կրում։ Փետրվարի 9-ին արգելոցի խորհրդի նիստ է տեղի ունեցել։ Իմ ունեցած հավաստի տեղեկություններով՝ օրակարգում կրկին հաստիքացուցակ փոխելու, որոշ աշխատակիցների աշխատանքից ազատելու հարցն է եղել։  Չի բացառվում, որ այդ աշխատակիցներից մեկը հենց ես եմ»,- ասաց Միրզոյանը:

Տեսանյութեր

Լրահոս