«Այդպես էլ Նյուտոնի խնձորը չընկավ Վահագն Հովակիմյանի գլխին». Ռոբերտ Հայրապետյան
«Սրանով ֆեյք նյուզի հարցը ոչ թե կարգավորվում է, այլ սրանով ցողունային բջիջներ են ներարկվում ֆեյք նյուզին, որովհետև սրանով այն արտոնվում է: Այս նախագիծն այնքան անգրագետ է գրված, որ ընդհանրապես չի հետապնդում այն նպատակը, որը ներկայացված է հիմնավորման մեջ, այլ լրիվ հակառակն է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը՝ անդրադառնալով իշխանական պատգամավորների ներկայացրած «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նոր նախագծին, որով ԶԼՄ-ներին արգելելու են հղում կատարել անանուն աղբյուրներին:
Ընդ որում՝ նախագծում անանուն աղբյուրը սահմանվում է՝ որպես «համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվ կամ ալիք, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից»:
Ռոբերտ Հայրապետյանի խոսքով՝ օրենքը այս տեսքով ընդունվելու դեպքում, միևնույն է՝ այն չի կիրառվելու. «Կան այս օրենքի հետ անմիջական կապ ունեցող և գործող մի շարք այլ իրավական ակտեր, որոնց մասին ես հիմա չեմ բարձրաձայնի՝ իշխանություններին հուշում չտալու համար, և մենք ունենք նաև միջազգային կոնվենցիաներ, էլ չեմ ասում՝ ՄԻԵԴ որոշումներ, որոնք հետագայում մեր Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներում արտացոլված են: Եթե ուղղակի անում են՝ ցույց տալու համար, որ՝ մենք արեցինք գործողություններ՝ խոսքի ազատությունը և մամուլի ազատությունը երաշխավորելու և ֆեյք նյուզի դեմ պայքարելու համար, ապա խնդրեմ, թող անեն, բայց սա չի գործելու:
Այս օրենսդրական փոփոխությունը նպատակ ունի մշտական շրջանառության մեջ դնել այն գործողությունները, որոնք դրվել են ռազմական դրության ժամանակ լրատվամիջոցների դեմ, որովհետև հանրային ճնշման, լրագրողական կազմակերպությունների դիմումների, ՄԻՊ դիմումի և Վարչական դատարանի որոշման արդյունքում ԶԼՄ-ների նկատմամբ ռազմական դրության սահմանափակումը կասեցվեց, հետո վերացվեց, և հակաիշխանական նյութեր հրապարակող լրատվամիջոցների գլխին ունեցած այդ մահակը վերցվեց իշխանության ձեռքից: Հիմա ընդունում են օրենք, որով այդ մահակը մշտապես կմնա իրենց ձեռքում, բայց հավատացնում եմ, որ եթե ռազմական դրության իրավական ռեժիմի դեպքում ինչ-որ ձև որոշ գործողություններ հնարավոր չէր բողոքարկել, ապա այս դեպքում ցանկացած վարչական վարույթ, որ կհարուցվի լրատվամիջոցի դեմ, ընդամենը 2 ամսում առոչինչ կճանաչվի»:
ԱԺ-ն ընդունեց «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխությունները, որով, ըստ էության, առանձնացվեց դատավորների մի խումբ, որոնք քննելու են բացառապես մինչդատական քրեական վարույթին առնչվող գործերը՝ կալանք, խուզարկություն, ձերբակալություն և այլն։
Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն «Ազատության» եթերում դրա վերաբերյալ ասել է, որ վերջին շրջանի թե՛ կադրային, թե՛ օրենսդրական փոփոխությունները միտված են անկախ դատարան ունենալուն.
«Դատարանը ոչ թե գնաց անկախ լինելու ճանապարհով, այլ դարձավ ընդդիմադիր քաղաքական մաս, և սկսեցին գործընթացներ, որոնք վնասում էին նաև մեր արդարադատությանն ամբողջապես, երբ որ քննչական մարմինների կողմից ներկայացվում էին կոնկրետ քրեական գործեր, որտեղ մարդը հստակ ասում է՝ 1 մլն դոլար պետք է տան՝ կոնկրետ մարդուն վերացնելու համար, այսինքն՝ սահմանադրական կարգը ահաբեկչության միջոցով իրացնելու կոչից հետո, դատարանն ասում է՝ չէ, ոչինչ, ի՞նչ է եղել, որ: Եվ այդպես եղան մի քանի հայտարարություններ, և դա կարող էր բերել անարխիայի, եթե հիմա արագ դատական համակարգի քաղաքական ուղղվածությունը չկասեցվեր և չկասեցվի և դատարանները պետք է լծվեն անկախ դատական համակարգ ստեղծելու գործընթացին»:
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանին խնդրեցինք մեկնաբանել վերոնշյալը:
«Ես, իհարկե, չեմ պատրաստվում մեկնաբանել Անդրանիկ Քոչարյանի՝ սերիալային սցենարի դրվագ հիշեցնող մեջբերմանը, բայց քաղաքական հնազանդության մասին խոսելիս լավ կլինի՝ առհասարակ քննության առարկա դարձնեն իրենց խմբակցությունում գործող անձանց, ովքեր ժամանակին նշում էին, որ եթե անգամ դատարկ թուղթ բերվի կառավարության կողմից, նրանք կստորագրեն այդ թուղթը, կամ դեռևս վարչապետի պաշտոնը ծանրաբեռնած Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, որոնք մշտապես ուղղվում են դատական համակարգին և դատավորներին: Փաստերը առավել քան խոսուն են, որ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո դատարանները այդ հարցերում շատ ավելի զգուշավոր են և շատ ավելի վստահ են սկսել առաջնորդվել բացառապես սեփական խղճով, դա են վկայում նաև նախկինում կայացված ձերբակալման որոշումների բողոքարկման արդյունքում դրանք ապօրինի ճանաչելու վերաբերյալ դատարանի որոշումները»,- պարզաբանեց իրավաբանը:
Ռոբերտ Հայրապետյանը անդրադարձավ նաև ԱԺ ինքնալուծարման վերաբերյալ հայտարարություններին, բայց դրանից հետո ԱԺ արտահերթ ընտրությունների չգնալու «Իմ քայլի» հայտարարությանը, ընդգծելով.
«Կարծում եմ՝ արտահերթ ընտրությունների չգնալու հայտարարությունը պայմանավորված է նրանով, որ այդպես էլ Նյուտոնի խնձորը չընկավ Վահագն Հովակիմյանի գլխին, որպեսզի կարողանա պարզել՝ ինչ ճանապարհով պետք է կարողանա լուծում տալ սահմանադրական այդ փոփոխություններին, որովհետև իրականում դա անհնար է. Դուրս գալ, անել հայտարարություններ, ստեղծել աժիոտաժ, մի ամբողջ երեք օր, որ հիմա ԱԺ-ն արձակվելու է, և հետո հայտարարել, որ հանրային լայն շերտերում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, և մենք անվերապահ վստահում ենք և նոյեմբերի 18-ի ճանապարհային քարտեզը շարունակելու ենք իրագործել, առնվազն ծիծաղելի է»:
Ռազմիկ Մարտիրոսյան
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում