Բողոքող և անիծող մարդիկ սուսուփուս կվերցնեն ընտրակաշառքը և կքվեարկեն «ինչպես որ հարկն է». Առավոտ
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է.
«Հանրապետականները սխալ են վարվել` տապալելով ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը: Խորհրդարանը մտքեր փոխանակելու և, ինչու չէ, դրանք քարոզելու համար է: Եթե վստահ ես քn ճշմարտության մեջ, մասնակցիր քննարկմանը, արտահայտիր քո տեսակետը և դեմ քվեարկիր քn չհավանած օրինագծին: Եթե ՀՀԿ-ն այդպես աներ, աշխարհը, ենթադրում եմ, շուռ չէր գա: Մյուս կողմից` ընդդիմադիրները ակնհայտորեն սխալվում են` ասելով, որ Աժ նիստին մասնակցելը պատգամավորների առաջ դրված սահմանադրական պահանջ է` նախքան նման բան ասելը պետք էր խորհրդակցել իրավաբանների հետ:
Բայց խոսքս Աժ-ի ցանկապատի մոտ ակցիայի մասին է: Դիտեք այդ տեսանյութերը, լսեք, թե ինչ են խոսում այդ մարդիկ: Չգիտեմ` նրանք ՀԱԿ ակտիվիստներ են, թե պարզապես «ժողովրդի ներկայացուցիչներ», բայց նրանց դատողություններից և «փաստարկների» մակարդակից պարզապես մարդու «ականջներն են թոռոմում» (եթե թույլատրելի է ռուսերենից բառացի թարգմանությունը):
Ակնհայտ է, որ այդ մարդիկ բացարձակապես չգիտեն, թե ինչի համար են եկել, ինչ պահանջներով է անցկացվում բողոքի ակցիան: Ես չեմ կարծում, որ խորհրդարանի 4 խմբակցությունների օրենսդիրները մտադիր են ժողովրդին համախմբել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի կամ խորհրդարանական համակարգի շուրջ: ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» ներկայացնող բոլոր պատգամավորները և ԲՀԿ-ից 8-10 հոգի ունեն բավականաչափ մտավոր մակարդակ` հասկանալու համար, որ հանուն պառլամենտական հանրապետության մարդկանց ոտքի չես հանի: Մեր քաղաքացիների մեծամասնությունը չգիտի` դա ինչ է և որն է դրա օգուտը:
Գիտեմ, որ ընդդիմադիրներն ինձ հետ համաձայն չեն լինի, բայց ինձ թվում է, որ այսօրվա հայաստանցիների համար նման համախմբող գաղափար չեն կարող լինել ժողովրդավարությունը, լեգիտիմությունը, սահմանադրական կարգը, օրինականությունը, արդարությունը և այլն: Դրանք չափից դուրս վերացական հասկացություններ են, և բացահայտել դրանց կապը ամեն մի քաղաքացու աշխատավարձի կամ թոշակի հետ գրեթե անհնարին է:
Այդպիսի միասնական գաղափար չի կարող լինել նաև «ռեժիմից ազատվելը»` չնայած այստեղ, որքան հասկանում եմ, միասնություն չկա նույնիսկ ընդդիմադիր կուսակցությունների միջև: Թվում է, թե «ռեժիմից ազատվելը» պետք է համախմբի բոլոր դժգոհներին, որովհետև նույն փողոցային ակցիաների ժամանակ դուք կլսեք իշխանությունների հասցեին ամենաթունդ հայհոյանքներ, անեծքներ, բողոքներ, ատելության զանազան դրսևորումներ: Բայց այդ էմոցիաները չեն ձևակերպվում որպես քաղաքական համոզմունք և պահանջ: Եվ քանի դա այդպես է, այդ բողոքող և անիծող մարդիկ սուսուփուս կվերցնեն ընտրակաշառքը և կքվեարկեն «ինչպես որ հարկն է»»: