Բաժիններ՝

ԱՄՆ-ի կինոքննադատները «Թանկագին ընկերնե՛ր»-ն ընդգրկել են արտասահմանյան ֆիլմերի թոփ-5-ի մեջ

Ռուսաստանցի կինոռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկու «Թանկագին ընկերնե՛ր» կինոնկարը տեղ է գտել ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհրդի լավագույն օտարալեզու ֆիլմերի թոփ-5-ում։

Լավագույն հինգ ֆիլմերի ցուցակում նաեւ տեղ են գտել «Խնձորները» հունական ֆիլմը, ռումինական «Կոլեկտիվ»-ը, իսպանական «Գործակալ-խլուրդ» կինոնկարը եւ «Արքաների գիշերը», որը համատեղ ստեղծել են Ֆրանսիան, Կանադան, Սենեգալը եւ Կոտ դ՛Իվուարը: Արտասահմանյան ֆիլմերի անվանակարգում որպես լավագույն ֆիլմ կազմակերպությունը նշել է La Llorona գվատեմալական կինոնկարը: ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհուրդը լավագույն ֆիլմ է նշել ռեժիսոր Սփայք Լիի «Հինգ հոգին՝ նույն արյունով» ամերիկյան պատերազմական դրաման: «Թանկագին ընկերնե՛ր» ֆիլմի գործողությունը հիմնված է 1962 թվականի իրական իրադարձությունների վրա, որոնք տեղի են ունեցել խորհրդային Նովոչերկասկում: Քաղաքային գլխավոր գործարանում տեղի է ունենում գործադուլ, մարդիկ պահանջում են ապրանքների գների նվազեցում եւ աշխատավարձերի բարձրացում:

Երբ գործադուլին միանում են այլ ձեռնարկությունների բանվորներ, կառավարական հանձնաժողովը որոշում է բանակը մտցնել քաղաք, եւ հաշված ժամեր անց փողոցներում հնչում են մարտական գնդակներով կրակոցներ: Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ կուսկոմի աշխատող Լյուդմիլան (Յուլյա Վիսոցկայա), անկեղծորեն հավատում է այն բանին, որ կոմունիստական հասարակություն է կառուցում եւ վրդովվում է գործարանային խռովարարների արարքից: Բայց երբ հրապարակում տեղի ունեցած ջարդի ժամանակ անհետ կորում է իր դեռահաս դուստրը, համոզված կոմունիստուհու՝ աշխարհի կուռ պատկերը մի ակնթարթում փլուզվում է:

«Թանկագին ընկերնե՛ր» ֆիլմը Ռուսաստանում լայն վարձույթ է մտել նոյեմբերի 12-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս