Բաժիններ՝

Առավոտ. «Համազգային լիդերը» նույնքան անթույլատրելի չափազանցություն է, որքան «ռեժիմի պարագլուխը»

««Հայաստանի քաղաքական և տնտեսական մեկուսացումը արդյունքներ է տալիս, և Ադրբեջանը շարունակելու է ուժեղացնել այդ մեկուսացումը», սա, բնականաբար, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Դե, քաղաքականության մեջ ընդունված բան է` սեփական թիմին, տվյալ դեպքում` ազգին «դուխ տալու» համար պարբերաբար հայտարարում ես, որ քո հակառակորդը թույլ է, ճնշված է, մի հատ փչես` կընկնի:

Ներքին քաղաքականության մեջ էլ է նույնը, ընդդիմությունը Հայաստանում 20 տարի ասում է` «խուճապահար ռեժիմը հոգեվարքի մեջ է», իշխանությունն էլ ասում է` «մեր դեմ խաղ չկա»

«Ալիևի հայտարարության մեջ որևէ սենսացիոն բան չկա` ցանկալին իրականի տեղ դնող նման գնահատականներով նա հանդես է գալիս առնվազն շաբաթը մեկ: Բայց քանի որ հիմա Հայաստանում նախընտրական շրջան է, մեր իշխանության ներկայացուցիչը` Գալուստ Սահակյանը, պնդում է, որ հայաստանյան «ընդդիմությունը տեղի` անտեղի պրովոկացիոն, անհեթեթ հայտարարություններով հող է պատրաստում նման (ալիևյան Ա.Ա.) հայտարարությունների համար»:

Այսինքն` Ալիևը ելույթ է ունենում իր սովորական հոխորտանքներով այն պատճառով, որ մեր ընդդիմությունն է հանդես գալիս իր մշտական «ռեպերտուարով»` «Հայաստանը կործանվում է», «երկիրը անդունդի եզրին է», «և ուրեմն, պետք է օր առաջ…» և այլն:

Ահա թե ինչի վրա է հիմնվում Աղրբեջանի նախագահը: Եթե ընդդիմությունն ասեր, որ ամեն ինչ հրաշալի է, որ մենք տարածաշրջանային վագր ենք, ապա Ալիևը կդիմեր իր ժողովրդին մոտավորապես հետևյալ ուղերձով` «Հայաստանը շատ ուժեղ է, մենք չենք կարող նրան ծնկի բերել, հետևաբար` պետք է ձեռ քաշել Ղարաբաղից»:

Ասածս այն է, որ թե´ Ադրբեջանի ղեկավարը, թե´ մեր ընդդիմությունը և թե´, հատկապես, Գալուստ Սահակյանը ասում են այն, ինչ ձեռնտու է անձամբ իրենց և իրենց թիմերին: Ոչ մեկի ասածը պետք չէ դնել հալած յուղի տեղ: Բայց քաղաքական գործիչներին և նրանց խոսնակներին ես կխնդրեի խուսափել ծայրահեղացված գնահատականներից` խոսքը, բնականաբար, մերոնց մասին է. եթե Ալիևը ցանկանում է խաբել իր ժողովրդին, դա նրա գործն է:

«Անդունդի եզրը» նույնքան սուտ է, որքան «նկատելի առաջընթացը», եթե խոսքը տնտեսության մասին է: «Համազգային լիդերը» նույնքան անթույլատրելի չափազանցություն է, որքան «ռեժիմի պարագլուխը»` ում մասին էլ դա ասվի: Խնդիրն այստեղ մեր քաղաքացիների նկատմամբ փոքրինչ ավելի նրբանկատ լինելն է. երբ դու չափից դուրս մեծ հույսեր ես արթնացնում, նույնքան մեծ է լինում հիասթափությունը:

Կանցնի ընդամենը 3 ամիս, և մարդիկ կհասկանան, որ բոլոր կողմերից հնչող բոցաշունչ ճառերը նախընտրական արշավի թեև պարտադիր, բայց ոչ այնքան կարևոր բաղադրիչներն էին: Մի հիացեք, որ հետո չհիասթափվեք»,- «Առավոտի» խմբագրականում գրում է թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս