Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանի հավաքականից հրավեր ստանալը. Խաչատուրով
Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Արտյոմ Խաչատուրովը հարցազրույց է տվել «Շերիֆի» պաշտոնական կայքին, որում խոսել է Հայաստանի ընտրանի հրավիրվելու մասին, ինչպես նաև անդրադարձ կատարել այլ թեմաների:
– Ճի՞շտ է, որ որոշել ես հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում:
– Այո, այդպես է: Ինձ համար պատիվ է Հայաստանի հավաքականի կազմում խաղալը, քանի որ իմ հայրը հայ է, Հայաստանը մեր հայրենիքն է:
– Չե՞ս ափսոսում, որ հեռանալու ես Մոլդովայի երիտասարդական հավաքականից, որտեղ դու ավագ էիր և շատ գոլերի հեղինակ էիր դառնում:
– Իհարկե, ափսոսում եմ, սակայն ես պետք է աճեմ ու զարգանամ: Ինձ ամեն ինչ դուր էր գալիս Մոլդովայի երիտասարդական հավաքականում: Քուրտիյանն իրոք մարտունակ թիմ էր ստեղծել, սակայն ինձ պետք է բարձրանալ հաջորդ աստիճանը: Վստահ եմ, որ առաջ քայլ կանեմ:
– Ինչպե՞ս ես լեզու գտնելու թիմակիցներիդ հետ: Հայերեն գիտե՞ս:
– Ոչ, հայերենին չեմ տիրապետում, սակայն աստիճանաբար կսովորեմ խոսել: Հայաստանի հավաքականում շատ են լեգիոներները, ովքեր խոսում են ռուսերենով: Այնպես որ ֆուտբոլիստների և մարզիչների հետ հնարավոր կլինի ընդհանուր լեզու գտնել:
– Իսկ ինչպե՞ս ես վերաբերում Իոն Կարասի խոսքերին, ով նշել է, թե ապագայում քեզ կարող է հրավիրել Մոլդովայի հավաքական:
– Գիտեք, եթե ցանկանային ինձ հրավիրել հավաքական, կարող էին վաղուց անել դա: Հետաքրքիր է, որ մարզիչը խոսեց ինձ հավաքական հրավիրելու մասին, երբ սկսեցին խոսակցությունները Հայաստանի ընտրանի հրավերի մասին: Կրկնում եմ՝ եթե ցանկանային, կարող էին վաղուց հրավիրել: Կասկածում եմ, որ ես նրանց պետք եմ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը