«Ամեն մեկը պետք է պատասխան տա իր խոսքերի համար». Գեղամ Մանուկյան
«Մեր պայքարը չի ընդհատվում, մեր պահանջը մնում է նույնը: Այս ընթացքում իշխանությունը՝ հակառակ իր հայտարարությունների, թե բոլոր հնարավորությունները ստեղծել է ընդդիմության համար գործունեության համար, մոռանում է իր ճնշիչ, մամլիչ հիմնական զենքերի մասին՝ Ոստիկանություն, Հատուկ Քննչական ծառայություն, Քննչական կոմիտե»,- Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթի մեկնարկի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
Նա անդրադարձավ երեկ ԱԺ բակում տեղի ունեցած անհնազանդության ակցիային և ոստիկանության գործողություններին. «Քաղաքացիների կողմից իրենց սահմանադրական իրավունքը գործադրելու ընթացքում ակնառու էր, որ ոստիկանությունը դիմեց շատ ավելի բիրտ միջոցների: Եթե ոստիկանությունում նշանակված ինչ-որ նոր պաշտոնյաներ կան, որոնց ուշքն ու միտքն է Նիկոլին համոզել, որ իրենք կարող են ավելի լավ ծառայել՝ ծառայել Նիկոլին, և ոչ թե՝ ՀՀ օրենքներին, պետք է իմանան, որ այդ օրենքները մի օր դեմ դիմաց կանգնելու են նրանց առաջ, նայելու են այդ պաշտոնյաների, սպաների աչքերի մեջ ու պահանջելու են պատասխան, խիստ պատասխան:
Երեկ քաղաքացիներն իրենց պահանջներն էին ներկայացնում, այսօր մենք շարժվում ենք դեպի Հատուկ քննչական ծառայություն, որտեղ ներկայացնելու ենք մեր դժգոհությունները, մեր պահանջները՝ օրենքը լիարժեք կատարելու համար»:
Հիշեցնենք, որ Երևանում Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու մոտից (Պրահայի այգի) մեկնարկել է ընդդիմության բողոքի երթը:
Նախօրեին՝ դեկտեմբերի 28-ի առավոտյան, Ազգային ժողովի շենքի մուտքերի առջև բազմաթիվ քաղաքացիներ «Իմ քայլի»՝ շենք մտնող պատգամավորներին հատուկ վերաբերմունքի էին արժանացնում: Ակցիայի ժամանակ ծեծկռտուք տեղի ունեցավ ցուցարարների և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի միջև: