Բաժիններ՝

«Թեկուզև խաղաղապահներ կան, բայց այդ նույն խաղաղապահն ադրբեջանցու հետ գալիս, Շուշիից Ստեփանակերտ առևտուր է անում ու գնում»

Ստեփանակերտցի Անուշ Աբաղյանը, ով 4 անչափահաս երեխաների՝ 1, 11, 14, 16 տարեկան, և մոր հետ բնակվում է Դարակերտ գյուղում, աջակցության կարիք ունի:

«Սկզբում արցախցի 5 ընտանիք կար այս տանը, հետ վերադարձան, ես երեխաներիս հետ մնացի այստեղ: 30.000 դրամ վարձ եմ վճարում, և տանտերը մինչև մարտ ժամանակ է տվել, որպեսզի դուրս գամ: Չգիտեմ, թե ինչ անեմ: Մայրս է մոտս եկել ապրելու, ժենգյալով հաց ենք պատրաստում, որ մի քիչ գումար կարողանանք աշխատել: Տալիս եմ սուպերմարկետին՝ կա՛մ վաճառվում է, կա՛մ՝ ոչ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Անուշ Աբաղյանը:

Նրա փոխանցմամբ՝ այս պահին ունեն սննդի կարիք, ինչպես նաև անհրաժեշտ է մոտ 70.000 դրամ գումար՝ կոմունալ ծախսերը վճարելու համար:

«Մեր Մասիսի  համայնքապետարանը 3 անգամ սնունդ է ուղարկել, վերջին անգամ ուղարկել են դեկտեմբերի 5-ին: Ինքս խոհարար եմ, աշխատել եմ «Վալլեքս Գարդեն Հոթել»-ում, հիմա դա էլ չկա, թեկուզև այնտեղ էլ էի վարձով մնում, բայց հասցնում էի ամեն դեպքում: Գյուղից Երևան եկող ավտոբուսների ժամերն էլ նորմալ չեն, գնալ-գալը դժվար է, ահավոր վիճակ է»,- ասաց նա:

Արցախ վերադառնալու մասին Անուշը մտածում է, սակայն այնտեղ գտնվող իր բարեկամներն ասել են, որ դեռ անվտանգ չէ բնակվելու համար: Այս պահին միայն մեծ որդին է վերադարձել, քանի որ սովորում է:

«Դեռ անվտանգությունն ապահովված չէ Ստեփանակերտում, ավելին, այնտեղ տանտերը երկու անգամ թանկացրել է վարձը, ասում է՝ ուզում ես՝ ապրի, ուզում ես՝ չէ, այնքան փախստականներ կան: Քանի որ ես էլ տեղահանված չեմ, պետությունը գումար չի հատկացնում,  սոցիալական աջակցությունից չեմ օգտվում: Թեկուզև խաղաղապահներ կան, բայց այդ նույն խաղաղապահն ադրբեջանցու հետ գալիս, Շուշիից Ստեփանակերտ առևտուր է անում ու գնում»,- նշեց նա:

Քաղաքացուն օգնելու համար գործում է հետևյալ հաշվեհամարը Արարատ բանկում՝ 151005161162 0100: Փոխանցումները կատարվում են ՀՀ դրամով:

Հեռ.՝ 097198717 :

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս